Կոմանդոսը շոկի մեջ է. Իրավունք
«Վահանը շատ խելացի, կազմակերպչական մեծ ջիղ ունեցող անձնավորություն է, ինձ համար զարմանալի, միեւնույն ժամանակ հանելուկային է թվում նրա կալանավորումը, չեմ պատկերացնում ինչ է կատարվում՝ ոնց կարող էր Վահանը խառը լիներ նման բաներում, չեմ հավատում»,- անդրադառնալով օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երեւանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալված, ապա նաեւ կալանավորված պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ կալանավորմանը՝ ասաց նրա ընկերը՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը։
Պարզվում է Շիրխանյանն ու Կոմանդոսը մեկ շաբաթ առաջ էին հանդիպել եւ լրիվ այլ ծրագրեր ունեին. «Կալանավորումից մեկ շաբաթ առաջ էինք հանդիպել Վահանի հետ, ծրագրում էինք սպայական միություն հիմնադրել՝ կապված սահմանային լարվածության հետ։ Էդ ուղղությամբ էինք աշխատում, մտքեր փոխանակում, ո՞վ կիմանար, որ նման բան կարող է պատահել, որ Վահանին կմեղադրեն նման հանցանքի մեջ»։
Շիրխանյանի ընկերը շատ ծանր է տարել նրա կալանավորումը. «Էդ օրվանից տեղս չեմ գտնում, բայց… Եթե հնարավորություն ընձեռվի եւ թույլ տան այցելեմ ընկերոջս, անպայման կգնամ, կտեսնեմ նրան, կզրուցեմ՝ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում»: