Թուրք ոստիկանները քարշ են տվել քուրդ երիտասարդի դիակը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադարձի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկություններ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ իրականացվող ուժային օպերացիաների մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ վարչապետն անդրադարձել է վերջերս մեծ աղմուկ բարձրացրած երիտասարդի քուրդ PKK-ականի սպանության և նրա դիակը կտտանքների ենթարկելու թեմային:
Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանության հատուկ ջոկատայինները սպանել են քուրդ երիտասարդի ու նրա մարմինը, ոստիկանական մեքենայից կապած, քարշ տվել փողոցով:
Տեսարանը պատկերող լուսանկարը «Twitter» սոցիալական ցանցում տեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարին ուշադիր նայեք: Նախօրեին է արվել Շըրնաքում: Թող ոչ ոք չմոռանա, քանի որ մենք չենք մոռանալու»:
Դավութօղլուն հայտնել է, որ սպանվածի մարմինը մեքենային կապած և փողոցով քարշ տված ոստիկանները հեռացվել են ոստիկանությունից: