Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, շրջել Ցեղասպանության թանգարանում :
Հիշեցնենք, դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում՝ ռազմական կրթություն, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստություն, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակում և այլն: