Տիգրան Մուկուչյանը զանգահարել է լրագրողին
2015թ. դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է ստացել Թիվ 19/15 տեղամասում հանրաքվեի ընթացքին հետևող Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի) ներկայացուցիչ Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գևորգյանից, որի համաձայն՝ թիվ 19/15 տեղամասային հանձնաժողովի անդամներն արգելում են իրենց արդյունավետորեն դիտարկել ընտրողների ստորագրած ցուցակները, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների ցուցակներին և նշումներ կատարել դրանց վերաբերյալ իրենց մոտ եղած թղթում: Հաշվի առնելով այդ հաղորդումը և լիազորված լինելով հանդես գալու Մելինե Ավագյանի անունից` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության փաստաբանները նրա անունից դիմում են ներկայացրել ԿԸՀ այն մասին, որ խախտվում է ԶԼՄ ներկայացուցչի՝ ընտրողների ցուցակներն արդյունավետորեն դիտարկելու իրավունքը և պահանջել վերացնել այդ խախտումը:
Ս.թ. դեկտեմբերի 7-ին վերոնշյալ ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկատվություն (http://www.aravot.am/2015/12/07/636987), որում նշված է բառացիորեն հետևյալը. «Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):»
Սույն հայտարարության բովանդակության վերաբերյալ հստակեցումներ անելու նպատակով դեկտեմբերի 7-ին կապ է հաստատվել asparez.am կայքի ներկայացուցիչ Մելինե Ավագյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին` քվեարկության օրվա ընթացքում, Տիգրան Մուկուչյանն անձամբ զանգահարել է իրեն և ասել, որ Մելինեի անունից դիմում է ուղարկվել ԿԸՀ, ըստ որի՝ իրեն թիվ 19/15 հանրաքվեի տեղամասում ճնշում են և ուրիշ «վատ-վատ բաներ» է ասել: Ասպարեզի ներկայացուցիչը հայտնել է Տիգրան Մուկուչյանին, որ նման բան չկա, ինչին ի պատասխան` վերջինս ստիպել է լրագրողին զանգահարել «ընտրական էդ ամբողջ բանին» (մեջբերում ենք բառացի) և հայտնել, որ նման բան չկա:
Մեզ հետ հեռախոսազրույցում Մելինե Ավագյանը հաստատել է, որ իրենց, իսկապես, թույլ չեն տվել դիտարկել ընտրողների ցուցակները և դրանցից նշումներ կատարել` պատճառաբանելով, որ իրենք խանգարում են հանձնաժողովի աշխատանքներին և պետք է սպասեն ու ցուցակներից նշումներ կատարեն քվեարկության ավարտին:
Փաստորեն, ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքելու փոխարեն սկսել է անձամբ զանգահարել ԶԼՄ ներկայացուցիչներին և, օգտվելով վերջիններիս անփորձությունից, ճնշում գործադրել՝ տալով նրանց ապատեղեկատվություն, մոլորության մեջ գցել նրանց` մասնավորապես, հայտնելով իրեն հասցեագրված դիմումի բովանդակության հետ կապ չունեցող տեղեկություններ այն մասին, որ իրենց նեղում են և ճնշում` այդպիսով ստիպելով հրաժարվել դիմումներից:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի նման գործելաոճը և հորդորում վերջինիս իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ հետամուտ լինել սույն թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների արդյունավետ քննությանը և խախտումներ կատարած անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելուն:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն