Հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի
Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները լիարժեք կարող են մասնակցել հանրաքվեին: Նրանց համար ԿԸՀ-ն թողարկել է երկու ձեռնարկ: Առաջինը մեծ չափերով ու խոշոր տառերով է, մյուսը` Բրալյան այբուբենով: Տեսողության խնդիր ունեցող ընտրողների համար պատրաստվել են նաև քվեարկության թերթիկների հատուկ կաղապարներ: Սահմանադրությունում փոփոխությունների մասին հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի:
Նրանցից 700-ը կքվեարկի մեծ տառատեսակով հատուկ քվեաթերթիկներով, ընտրատեղամասերում տեղադրվելու են նաև ոսպնյակներ: 2300 ընտրող էլ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընտրությունը կկատարի Բրալյան ձեռնարկով` առանց որևէ մեկի օգնության: ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ընտրական հանձնաժողովների անդամներն արդեն անցնում են հատուկ դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանրաքվեի օրը ճիշտ աշխատելու համար: Բացի այդ լսողության խնդիրներ ունեցողների համար ԿԸՀ-ն պատրաստել է սուրդո թարգմանությամբ հոլովակներ, գրեթե բոլոր տեղամասերում էլ կկառուցվեն թեքահարթակներ: