Վիրաբույժների հայկական ասոցիացիան նոր նախագահ ունի
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Վիրաբույժների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը նշեց, որ նիստը հրավիրված է նոր նախագահություն ընտրելու նպատակով: Միջոցառման սկզբին մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին վերջին տարիներին կյանքից հեռացած անվանի վիրավույժների հիշատակը:
Հովհաննես Սարուխանյանը ղեկավարել է այս մասնագիտական միավորումը 1987 թվականից սկսած: Նա համառոտ ներկայացրեց մեր երկրում վիրաբուժության սկզբնավորման, կայացման և զարգացման ուղին: Պրոֆեսորը անդրադարձավ, թե հաջողություններին, թե խնդիրներին:
Հովհաննես Սարուխանյանի առաջադրմամբ և բաց քվեարկության արդյունքում Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նոր նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի անդամներին վստահության համար:
«Այս կառույցի ղերակավարումը ոչ միայն պատվաբեր է, այլև պատասխանատու: Կատարված աշխատանքով կփորձենք արդարացնել սպասելիքները»,- ասաց Միրիջանյանը:
Ողջունելով ասոցիացիայի անդամներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ կարևորեց մասնագիտական միավորումների հետ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի գնահատմամբ` ասոցիացիաները պետք է մասնակից լինեն առողջապահության համակարգում որակի ձևավորման, էթիկական, ինչպես նաև բժիշկի գործունեությանը վերաբերող այլ մասնագիտական խնդիրների լուծման գործընթացին:
«Մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը մեր աշխատանքի կարևոր մասն է: Մենք սերտ աշխատում ենք մասնագիտական միավորումների հետ` զարգացնելով տարբեր ուղղություններ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա մեծապես կարևորեց ավանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի անգնահատելի ներդրումը Հայաստանում վիրաբուժության զարգացման և այս ասոցիացիայի ղեկավարման գործում:
Շնորհավորելով նորընտրի նախագահին` նա հույս հայտնեց, որ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետագա աշխատանքները կնպաստեն ոլորտի զարգացմանը և առաջադեմ փորձի ներդրմանը:
Նիստի ընթացքում Հովհաննես Սարուխանյանը ճանաչվեց ասոցիացիայի պատվավոր նախագահ: