ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ անդրադարձել են ԼՂ հակամարտությանը
Բելգրադում ԵԱՀԿ նախարարական 22-րդ խորհրդի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա ասել է, որ թե ԼՂ հակամարտության, թե այլ հակամարտությունների հարցով միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով համաձայնության գալն է:
«Մենք մտածում ենք, որ միայն այդ կերպ պետք է կարգավորվեն ԼՂ եւ մնացած հակամարտությունները: Խաղաղ բանակցությունը եւ կարգավորումը միակ ուղին է նաեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում»,- ասաց Լավրովը:
ԵՄ hանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին էլ նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Մտահոգված ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր միջոցառումները` խնդրի խաղաղ կարգավորման համար: Մենք կողմ ենք ակտիվ համագործակցությանը եւ այս առումով ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ջանքերին եւ սկզբունքներին»,- ասաց Մոգերինին: