«Կան մարդիկ, ովքեր ուղղակի դեմ են իշխանությունների ցանկացած առաջարկությանը»
Արկադի Գրիգորյան– Պարո՛ն Նախագահ, այդ դեպքում ստացվում է, որ տրամաբանությունը մի քիչ հակառակ է չէ՞ ստացվում՝ մարդիկ առանց ոչինչ անելու, քնում, արթնանում են, պատկերավոր ասած, և ունենում են այդքան ընդլայնված լիազորություններ, իրավունքներ, ինչի՞ է գնում այս դիմադրությունը՝ «ոչ»-ը: Չեն կարդացել, միգուցե:
Սերժ Սարգսյան– Ակնհայտ է, և մի քանի խմբերի կարելի է բաժանել այդ մարդկանց: Առաջին խումբն այն մարդիկ են, ովքեր վստահ են, որ իրենք ի վիճակի չեն ձևավորել քաղաքական ուժ և այդ քաղաքական ուժով ստանալ քվեների մեծ քանակ, խորհրդարանում ունենալ մեծամասնություն և ձևավորել կառավարություն: Բայց քանի որ այդ մարդիկ համարում են, և շատ դեպքերում դա իրականություն է, որ իրենք խարիզմատիկ մարդիկ են, որպես անհատականություն, իրենց հաջողության հասնելու ճանապարհն իրենք տեսնում են նախագահական ընտրությունների միջոցով: Սա մի խումբ մարդիկ են, ովքեր կատեգորիկ դեմ են և իրենց դեմ լինելը արտահայտել են մինչև նույնիսկ բարեփոխումների կամ սահմանադրական փոփոխությունների հրապարակումը: Այսինքն` իրենց համար միևնույն է, թե ի՞նչ է այնտեղ գրված, միայն թե՝ խորհրդարանական համակարգ չլինի:
Կան երկրորդ խմբի մարդիկ, ովքեր ուղղակի դեմ են իշխանությունների կողմից ցանկացած լավ կամ վատ առաջարկության: Ուղղակի համարում են, որ եթե իշխանություններն են առաջարկում, ապա սրա հետևում անպայման ինչ-որ բան կա:
Կան երրորդ խումբ մարդիկ, ովքեր դժգոհ են որոշակի իրավիճակներից և իրենց դժգոհությունն արտահայտում են «ոչ»-ի միջոցով: Կարելի է ավելի մանրամասնել, բայց կարծում եմ, որ իմ մոտեցումները, ընդհանուր առմամբ, հասկանալի են: