«Իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին». Ս. Սարգսյան
«Ոչ»-ի ճակատի առարկությունների թվում է նաև այն, որ մի քիչ շատ լիազորություններ են այս դեպքում Վարչապետի ձեռքին կուտակվում:
Սերժ Սարգսյան– Ի՞նչ է նշանակում՝ մի քիչ շատ: Ընդհանրապես, շատ ու քիչը, իմ խորին համոզմամբ, հարաբերական են: Եթե պատասխանատվությունը շատ է, ինչու՞ լիազորությունները քիչ պետք է լինեն: Ես այստեղ անդրադառնամ նաև մի շրջանառվող կարծիքի, թե՝ շատ հարմար պահ է: Գիտե՞ք, բնական է, որ ես վերջին ժամանակներում գրեթե որևէ հեռուստաալիքով տրվող լուրերը բաց չեմ թողնում, և որքան էլ շատ դեպքերում անպտուղ լինի այդ ժամանակը, բայց միևնույնն է, նայում եմ և տեսնում, որ շատ-շատերը խոսում են այդ մասին, ասում են՝ ո՞վ կհավատա, որ այս փոփոխություններն անում եմ, որպեսզի ընդդիմության լիազորություններն ավելանան: Մենք ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք դա անել՝ հավասարակշռելու նպատակով, որովհետև մի կողմից գոյություն ունի ուժեղ գործադիր մարմին, մյուս կողմից անհրաժեշտ լիազորություններով օժտված ընդդիմություն, որպեսզի հակակշռի, որպեսզի հավասարակշռի: Սա՛ է. ուրիշ հակակշռելու մեխանիզմ չկա: Սա՛ է այդ մեխանիզմը: Եթե ուրիշները գիտեն այլ մեխանիզմներ՝ խնդրեմ, թող ասեն՝ օգտագործենք, բայց մեխանիզմը սա է: Ու երբ ասում են՝ այդ երբվանի՞ց սկսեցին ընդդիմության մասին հոգ տանել, անկեղծորեն եմ ասում, իմ խորին համոզմամբ, իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն: