Ոստիկանությունը ապահովվելու է
ՀՀ ոստիկանությունը, կարեւորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքը, քաղաքացիների, այդ թվում ՀՀ Նախագահի թեկնածուների իրավունքների լիարժեք կենսագործման անհրաժեշտությունը, փաստում է իր պարտականությունը, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված իրեն հասցեագրված դիմումների եւ բողոքների քննության պատշաճ ընթացակարգի ապահովմանը, ընտրական գործընթացներին առնչվող խոչընդոտների վերացմանը, հասարակական կարգի պահպանությանը, ժողովրդավարական հասարակությանը հարիր ընտրական միջավայրի եւ մթնոլորտի ձեւավորմանը:
ՀՀ ոստիկանության կազմակերպական, մասնագիտական եւ մարդկային ողջ ներուժն ուղղվելու է ՀՀ Սահմանադրության եւ օրենքներով երաշխավորված` ընտրելու եւ ընտրվելու իրավունքի անշեղ իրականացմանը, առանց որեւէ տարբերակման, բոլոր քաղաքացիների իրավունքների իրականացման ապահովմանը: ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես, իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ:
Ընտրական գործընթացների անբաժանելի մասն է հավաքների անցկացումը: Հաշվի առնելով այս հիմնարար սահմանադրական իրավունքի նշանակությունը հատկապես ընտրությունների փուլում՝ ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է հանրությանը, որ, հավատարիմ մնալով իր որդեգրած եւ իրեն բազմիցս արդարացրած գործելակերպին, ՀՀ Սահմանադրության եւ «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում անվերապահորեն ապահովելու է բոլոր հավաքների անցկացումը:
ՀՀ ոստիկանությունը գոհունակությամբ փաստում է, որ Հայաստանում սկսել է ձեւավորվել հավաքների ազատության կենսագործմանը նպաստող հասարակական միջավայր, առաջացել է փոխգործակցության եւ համերաշխության ապահովման հանրային հրամայական, որի պահպանումը թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե իշխանությունների գերխնադիրն է: Միայն այս միջավայրն է, որ ունակ է լինելու գործուն, իրական երաշխիք տարաբնույթ միջադեպերի եւ հնարավոր խախտումների կանխման համար:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին հայցել եւ ստանալ ոստիկանության ծառայողների աջակցությունն ընտրական գործընթացներում իրենց կողմից կարեւորվող բոլոր հարցերով, քանզի ոստիկանությունը կոչված է ծառայելու մեր հասարակությանը, նրա պահանջների եւ խնդիրների լուծմանը:
ՀՀ ոստիկանություն