Զատիկյանի որդին թմրանյութ չէ՞ր օգտագործում. Հայկական ժամանակ
Հունվարի 13-ին, ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտիոն: Պարզվել է` Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող, 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է:
Վերջինս ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին էր: Սա Զատիկյանների ընտանիքի հերթական ողբերգական կորուստն է: Վահան Զատիկյանը, ով Արցախյան պատերազմին մասնակցած “Մալաթիա” ջոկատի հրամանատարն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկը, 1999-ի Հոկտեմբերի 7-ին, այսինքն Աժ-ում տեղի ունեցած տխրահռչակ ահաբեկչությունից 20 օր առաջ, հանկարծամահ եղավ, այդ ժամանակ նա Մալաթիա -Սեբաստիա համայնքի ղեկավարն Էր, Աժ Պատգամավոր: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր:
Վահան Զատիկյանի ավագ որդին, 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականի հունիսի 22-ին, Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում:
Ըստ “Հայկական ժամանակ”-ի` վարկած կա, թե Անդրանիկի մահը կապված է եղբոր սպանության հետ, ինչը թերթի հետ զրույցում հերքել է նրա հորեդբոր որդին` Նորայր Զատիկյանը` նշելով, որ Անդրանիկի հետ կատարվածը դժբախտ պատահար էր. “Տան դիմաց, մեքենայի մեջ, ընկերոջ հետ նստած ա եղել, ընկերը պատմել ա, որ մեքենայի մեջ խոսել են ու քնել, առավոտյան մայրը պատուհանից տեսել ա մեքենան կանգնած ա, դուռը բացելա ասել ա. “Այ տղա ջան, տուն-տեղ չկա՞, տունը թողած` էստեղ ես քնել”:
Շարժել ա, տեսել` մահացած: Ընկերն էլ քնած ա եղել, հետո զարթնել է: Շտապ օգնություն են կանչել ու տարել Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն”: Նորայրն ասել է, որ Անդրանիկը ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել, հանկարծամահ է եղել. “Ավելի ճիշտ, բժշկական փորձաքննությունը կպարզի կոնկրետ որեւէ բան այս պահին չեմ կարող ասել”:
Տեղեկություններ էին պտտվում, թե Անդրանիկը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչը թերթի հետ զրույցում հերքել է Նորայր Զատիկյանը` ասելով, որ նման բան լինել չի կարող. “Անգամ խմիչք չէր օգտագործում”: Այն հարցին ի պատասխան, թե Անդրանիկ Զատիկյանի ավտոմեքենան զննության ենթարկե՞լ են, որեւէ բան գտնվե՞լ է, Նորայրն անընդհատ կրկնել է. “Ոստիկաններն են ստուգել եւ որեւէ բան չեն հայտնաբերել”: