Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը և չխախտեն իրենց օդային սահմանները» :
Թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկացմամբ` հարցազրույցում Էրդողանը նաև ասել է, որ դեպքից հետո ինքը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել նրան, և մինչև այսօր չի զանգահարել իրեն:
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահից Պուտինին հեռախոսազանգ չի եղել: