Սյունիքի մարզպետն ու Կապանի քաղաքապետը նույն բրիգադում են ծառայել
“Պաշտպանության նախարարության 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը 20 տարի առաջ ստեղծվեց այնպիսի օրհասական պահի, երբ վտանգված էին կապանցու արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը: Միավորելով ինքնաբուխ ստեղծված կամավորական ջոկատներին, բրիգադը կարողացավ փառքով կատարել իր առջեւ դրված խնդիրը”,-Կապանում տեղի ունեցած հանդիսությանն ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Վերջինս նույն բրիգադի դասակի հրամանատարիներից է եղել:
Հիմա բրիգադը վերակազմավորվել է զորամասի, որտեղից էլ սկսվեց հոբելյանական տարեդարձին նվիրված հանդիսությունը:
Զինվորական հանդիսավոր միտինգից հետո ներկայացվեց բրիգադի անցած հերոսական մարտական ուղին, զորամասի հետախուզական վաշտի զինվորները ցուցադրեցին իրենց հնարքները: Բաղաբուրջի հուշահամալիրում հարգելով` բրիգադի զոհված մարտիկների հիշատակը` միջոցառումը շարունակվեց Կապանի մշակույթի տանը:
Այստեղ բոլորին շնորհավորեցին բրիգադի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի դեպ, նա եւս ծառայել է բրիգադում, որպես գումարտակի հրամանատար:
Բրիգադի նախկին մարտիկները պարգեւատրվեցին ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ մեդալներով, թանկարժեք նվերներով, պատվոգրերով ու Կապանի քաղաքապետի շնորհակալագրերով: