Կրե’լ 16-17-րդ դարի հագուստներ. այս տարվա գույները
Այս տարվա ընդհանուր նորաձևությունը մինիմալիստական ոճի մեջ է: ”Նորաձևությունն արդեն մի քանի սեզոն է, վերադարձել է մինիմալիզմի”,-Henaran.am-ի հետ զրույցում այս տարվա նորաձևության տենդենցները ներկայացրեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Նա հայտնեց, որ այս գարնան ամենամոդայիկ գույները սևն ու սպիտակն են: ”Որքան էլ տարօրինակ չթվա` դրանք դասական գույներ են, որոնք այս տարի ավելի վառ են արտահայտված նորաձևության տների վերջին հավաքածուներում”,-ասաց Քաբաբյանը:
Նրա ներկայացմամբ` այս տարի կա երկու ընտրություն. մեկը սպիտակի ու սևի համադրությամբ ավելի մինիմալիստական ոճում քառակուսի սիլուետներն են` ճիշտ ընդգծված, իսկ մյուսը բարոկկո ոճն է: ”Նորաձևություն է վերադարձել նաև 16-17-րդ դարերի բարոկկո ոճը”,-նշեց նորաձևության բլոգերը: Այս ոճն իրենից ներկայացնում է ճոխ հագուկապ` լի ասեղնագործություններով, ձեռքի աշխատանքներով: Սա ևս ընդգծված է նորաձևության տների վերջին ցուցադրություններում :
Մարիաննա Քաբաբյանը նկատեց, որ նորաձև են համարվում նաև ոսկեգույնն ու արծաթագույնը, որոնք, արդեն երկու սեզոն է, չեն լքում ցուցադրության շաբաթները: