Հայրիկյանը կոչ է անում` իրեն խաղից չհանել
՛՛Իմ ու իմ թիմակիցների անցած ճանապարհն է մեր առավելությունը, իմաստային առումով ևս մենք առավելություն ունենք՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վերջինս ընտրությունները մրցակցային տեսանկյունից բարդ է համարում, որովհետև վստահ է, որ դժվար է իր հետ մրցել: ՛՛Բայց ես չեմ համարում, որ մյուսները քաղաքական պայքարին մասնակցելու իրավունք չունեն՛՛,-նշեց նա:
Մեկնաբանելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե լինելու է Րաֆֆիի և Սերժ Սարգսյանի Հայաստանների պայքար՝ Հայրիկյանը կոչ արեց իրեն խաղից չհանել:
՛՛Եթե դու քաղաքական գործիչ ես, ոչ քաղաքականության մեջ կարիերա փնտրող գործիչ, քեզ համար կարևորը պետք է լինեն ծրագրերը, ես առաջնորդվել եմ ծրագրերով, բայց այսօր խոսելով՝ ով է հիմնական մրցակիցը խնդրի մասին, հիշեցնում եմ՝ հիմնական թեկնածուներ համարվող Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Սերժ Սարգսյանը ժամանակին եղել են իմ դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում՛՛,-ասաց Հայրիկյանն ու հավելեց, որ ինքը նրանց ընկերներ է համարում:
Նա վստահությամբ նշեց, որ բոլոր թեկնածուների համար միակ ճիշտ քայլը կլինի իր շուրջը համախմբվելը: