28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էջմիածնում նշվեց Սուրբ Ծննդյան օրը

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգեւոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը եւ ԳԱԱ Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

Ս. Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Ծննդյան հանդիսավոր Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով հրեշտակաբարբառ ավետիսը:

 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 

«Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն

զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի` ընդ մեզ Աստուած»

 (Մատթ. Ա 23, Եսայի Է 14):

 

 

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Հոգու անհուն ուրախությամբ այսօր օրհնաբանում եւ փառաբանում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:    

Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց եւ որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգեւոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, Նա, որ հարուստ էր, որպէսզի դուք Նրա աղքատութեամբ հարստանաք» (Բ Կորնթ. Ը 9): Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Արարչին, Նրա կամքը, հարստանա հավատքով, Աստծո խոսքով, հարստանա աստվածահաճո կյանքի փափագով ու փութաջանությամբ եւ փրկության արժանացած` ժառանգի հավիտենական կյանքը: Արդարեւ, ոչինչ չի կարող համեմատվել այդ հարստության` Աստծո արքայության մեջ հավիտենական կյանք ունենալու շնորհի հետ, որ բերեց մեզ Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս`«մարդու Որդին, որ երկնքից էր» (Յովհ. Գ 13):

Փառքի ու զորությունների անմերձենալի Տերը մանկացել, աշխարհ է եկել, եւ յուրաքանչյուրը կարող է համարձակաբար մոտենալ ու երկրպագել Նրան հովիվների ու մոգերի օրինակով, ովքեր ճանաչեցին Նրան եւ իրենց ընծաները բերեցին քարայրում մսուրի մեջ դրված Փրկիչ մանկանը: Այսօր, սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք ենք երկրպագում մանուկ Հիսուսի սնարի առջեւ, բայց ի±նչ ընծաներ ունենք, որ մատուցենք մեր նորածին Փրկչին: Նյութական հարուստ պարգեւներ չէ, որ սպասում է Տերը: Պատվական պարգեւը Փրկչի համար քրիստոնյան ինքն է, ով մաքուր սրտով ընդունել է ՙԱստված մեզ հետ է՚ մարգարեաբարբառ ավետիսը եւ ջանում է կյանքի ամեն մի օրը ապրել աստվածային կամքի համաձայն, լի առ Աստված հավատքով, այլոց հանդեպ սիրով, Փրկչի հետ հոգեւոր նորոգությամբ: Փրկչի շնորհներով վերածնված մարդը վերափոխում է կյանքը` այն առաջնորդելով միշտ դեպի բարին, ավելի լավն ու կատարյալը:

Տիրոջ ներկայության եւ Նրա ողորմության անստվեր շողերի առջեւ, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, հալչում են մեղքերը, ողջանում են վերքերը, վերանում են ապականությունները, նահանջում են տխրություններն ու հեծությունները, փախչում է խավարը, եւ տիրում է ամենախնամ  թագավորությունը Բարերար Աստծո (Մատեան ողբերգ. Բան ԽԱ): Այսօր եւ մինչեւ ժամանակների վախճանը, Իր խոստման համաձայն, մարդացյալ Աստված մեզ հետ է (Մատթ. ԻԸ 20). մեզ հետ է փրկության Իր շնորհով, Իր սքանչելագործ մարդասիրությամբ: Բայց արդյո±ք մենք Աստծո հետ ենք եւ արդյո±ք աշխարհն ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս:

Մարդկության, նաեւ մեր կյանքը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լի է տարաբնույթ մարտահրավերներով, տագնապներով ու հոգսերով` ընկերային, տնտեսական հիմնահարցեր, ազգամիջյան եւ միջկրոնական խնդիրներ ու հակամարտություններ, կարիք, անձնական շահի մոլուցք, զրկվածների անտեսում, արդարության, մարդասիրության պակաս եւ այլ արատներ, որոնք հետեւանք են Աստծուց հեռանալու ընթացքների:

Մարդը աշխարհի իրականության առջեւ հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը: Ունեւորն ապրում է անհանգստության մեջ, չունեւորը` նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի են մարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուն նյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում, միմյանց կործանում:

Հանուն նյութականի, ավաղ, երբեմն նաեւ` Աստծո անունով` ընդդեմ Աստծո: Այն ինչ ծնունդ է առնում հանուն Աստծո, բարիք է մարդկանց համար, մխիթարություն ու խնդություն: Աստծո հետ մարդու համար գործում են կյանքի այլ չափանիշներ, գոյության իմաստի այլ սկզբունքներ ու արժեքներ` «սէր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ` միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ` միմեանց գերազանցել» (Հռոմ. ԺԲ 9-10): Աստծո հետ պաշտոնը ծառայություն է, մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրի շենացման, կյանքի բարօրության:

Սուրբ Ծննդյան խորհրդով, սիրելիներ, հանապազ շնորհն ունենք Քրիստոսի հետ բարձրանալու պայծառակերպության լեռը, Տիրոջ ներկայությամբ ապրելու աստվածահաճո հոգեշեն միջավայրում եւ մեր ընթացքը հաստատուն պահելու Աստծո շավիղներում բարոյական, ճշմարիտ արժեքների վրա: Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ Աստծո հետ ընթանալը փրկում է փորձություններից, բազմացնում բարիքները եւ հաղթանակներ շնորհում երկնային զորությամբ: Մեր պատմությունն իսկ վկայում է, որ Փրկչին հավատարմությամբ է մեր ժողովուրդը կերտել իր ստեղծագործ կյանքի հաղթանակները եւ մշակույթի վերելքները: Մեր Տիրոջ հետ ենք դիմակայել փորձություններին, վեր հառնել ավերներից, վերապրել ցեղասպանություն: Մեր Տիրոջ զորությամբ Սփյուռքում վերընձյուղվել ենք ու պահպանել մեր ինքնությունը,  աշխարհասփյուռ միասնականությամբ վերահաստատել մեր ազատ պետականությունը, մշտապես վառ պահել տեսիլքը մեր ավետյաց երկրի, այլեւ` հավատը, որ Տերը համախմբելու է մեզ մեր Հայրենիքում:

Այսօր ՙԱստված մեզ հետ է՚ ավետիսով հուսավառ ու քաջալեր` խոնարհվենք մարդացյալ Փրկչի սնարի առջեւ` ջերմանալու Նրա սիրով, ընդունելու Նրա շնորհներն ու օրհնությունները, որպեսզի ի Հայրենիս եւ ի Սփյուռս բարեփոխենք ու զորացնենք մեր կյանքը, իրագործենք մեր ազգային նպատակները, կերտենք մեր ժողովրդի բարօր ու երջանիկ, լուսավոր գալիքը եւ հավետ մնանք Աստծո հավատարիմ ժողովուրդ:

Այս հայցն ու մաղթանքը մեր շուրթերին` Սուրբ Ծննդյան ավետիսով եւ եղբայրական սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին« Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ հայցում Տիրոջ բյուր շնորհներն ու զորակցությունը քրիստոսապատվեր առաքելության մեջ:

Տիրոջ Ծննդյան տոնի բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին« Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին եւ հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով ազգաշեն ու հայրենաշեն գործոց հաջողություններ Տիրոջ երկնառաք օրհնության ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով, որ նրանց արգասալի ջանքերով ու մշտանորոգ ձեռքբերումներով միշտ բարեզարդվեն մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայրենիս եւ ի Սփյուռս: Աղոթք ենք բարձրացնում« որ մարդացյալ Փրկչի սիրո, խաղաղության եւ համերաշխության շնորհները հանապազ ճառագեն աշխարհում, ի մասնավորի հակամարտության մեջ գտնվող երկրներում, հատկապես պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիայում եւ այնտեղ դժվարություններ ու նեղություններ դիմագրավող մեր եղբայրների ու քույրերի կյանքում: Թող մարդկանց հոգիներում մշտապես արձագանք գտնի Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութին եւ ի մարդիկ հաճութիւն» պատգամը եւ ամրապնդվի Աստծո հետ ընթանալու կամքը: Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը« պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ եւ միշտ եւ հավիտյան. ամեն:

           

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:

 

 Սբ. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ակադեմիկոս Սեն Արեւշատյանը:

Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ:

Սբ. Պատարագից հետո Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ