Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի…
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. “Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը” (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) եւ Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան եւ մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին “Հայտնություն” կամ “Աստվածահայտնություն” ընդհանուր անվամբ:
Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:
Հիսուսի ծնունդն այսպես եղավ:
Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Ս.Կույսի հղության օրերը լրացան, եւ ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. “Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ եւ յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն”: (Ղուկ. 2:14): Այնուհետեւ արեւելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել եւ երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:
Աստվածահայտնության տոնը նաեւ քաջություն հաստատելու եւ ամրագրելու տոնն է, իրար ողջունում են
Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ,
Ձեզ եւ մեզ Մեծ Ավետիս,
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի: