Նամակ մահից առաջ
Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ, և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք մեր աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են:
Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանն ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմն աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգայի նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդու իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված… սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, այլ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել: Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինն իր փոքրիկ բռունցքով սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի:
Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ քնած տեսնելու, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ դարձնի քո պահապան հրեշտակը:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը, և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ, և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունն իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար: Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ` երեկ: Եվ եթե դու չասես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:
Գաբրիել Գարսիա Մարկես