«Ուրբաթ 13»-ին զորություն տվողը մեր վախերն են
«Առողջ բանականությունը և հոգևոր կյանքը ենթադրում են ապրել ներկայի մեջ` իրական կյանքով և չտրվել որևէ վերացական ու դատարկ հավատալիքների, որոնք մարդկանց կյանքը որևէ կերպ փոխել չեն կարող, եթե մենք չենք տրվում դրանց և թույլ չենք տալիս, որ այդ երևույթներն ազդեցություն ունենան մեր կյանքում»,- անդրադառնալով այսօրվան` «ուրբաթ 13-ի առեղծվածին», ասաց ԱՀԹ առոջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը:
Պարզապես պետք է ընդգծել, որ ո՛չ թիվը, ո՛չ օրն իրենցից ոչինչ չեն ներկայացնում այնքանով, որքանով մարդն ինքը կարող է իր օրը լիարժեք դարձնել, այդ թիվն իմաստավոր դարձնել և սա քրիստոնեական արժեքների ամենակարևոր մասերից է:
«Օրերի մեջ չկա տարբերություն: Բացի այն, որ 13-ն ուրբաթ է, հանդիպում ենք սնոտիապաշտական այնպիսի երևույթների, որ մարդիկ, օրինակ, հիշում են, որ Հուդան չորեքշաբթի օրը մատնեց Քրիստոսին, ուրբաթ` Քրիստոսի խաչելության օրն է, հետևաբար այդ օրերը վատ կամ անհաջողության օր են: Սրանք վախեր են, որ այս օրերը վատ օրեր են, և այս վախերը խաթարում են մեր կյանքի բնականոն ընթացքը»,- ընդգծեց քահանան:
Տեր Եսային ասաց նաև, որ երբ Աստված ստեղծեց ժամանակը, որևէ խտրականություն չդրեց օրերի, ամիսների կամ թվերի մեջ, որ այս օրը նրանից վատն է կամ մյուսը` սրանից լավը: Դրանց իմաստ և զորություն տվողը, մեր վախերն են, մեր սնոտիապաշտական հավատալիքներն են, որոնցով ինքներս մեզ ենք սահմանափակում: Եվ այս ամենից տուժում է իրականության մեր գիտակցումը. «Իսկ հավատքը, առողջ բանականությունը, առանց իրականության հստակ գիտակցումի, հնարավոր չէ պատկերացնել»: