Ձյուդոիստին կառավարությունը ազատեց զինվորական ծառայության զորակոչից
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին ՀՀ կառավարությունը ազատեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Հիմնավորման համաձայն` Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2017-2018 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Կարապետյանը 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությանը գրավել է 2-րդ տեղը։ Եթե մարզիկը տեղափոխվում է մեկ երկրից մեկ այլ երկիր, ապա Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն երկու տարի չի թույլատրվում մասնակցել միջազգային մարզական միջոցառումների։
Հետևաբար Ֆերդինանդ Կարապետյանը վերջին երկու տարում մարզական արդյունքներ չունի: 2015 թ. հոկտեմբերի 1-3-ը Տաշքենդում կայացած «Գրան Պրի» միջազգային մրցաշարում Կարապետյանը ունեցել է երեք հաղթանակ և գրավել 7-րդ տեղը, ինչը տալիս է օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորներ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Կարապետյանին։ Նա հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: