Փոխվել են միկրոավտոբուսային երթուղիները
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ, նախատեսված էր նաեւ երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ, “Հայր եւ որդի Մկրտչյաններ “ ընկերության ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության “Հունդաի” մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղեւորների համար հարմարավետ երթեւեկության սահմանված չափանիշներով:
Մասնավոր ընկերությունների կողմից մինչեւ 2013 թվականի առաջին եռամսյակ Երեւան կբերվի միջին տեղատարողության եւս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու եւս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակատվածում շարունակական բնույթ կկրեն:
Մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով: Այսուհետ չինական ավտոբուսներով կսպասարկվի նաեւ թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի փոփոխության, կունենա 13 համարանիշը: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախատոնական օրերին, մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչեւ կեսգիշեր, իսկ Երեւանի մետրոպոլիտենը`մինչեւ ժամը 02:00-ն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն