Գյուղում չեն հավատում. նոր մանրամասներ Կոթիի բնակչուհու անհայտացումից
«Շատ լավ կին է Լուսիկ տատը, շատ հրաշալի ընտանիք ունի, շնորքով տղա ունի, որին բոլորը հարգում են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչներից մեկը:
Բնակչի փոխանցմամբ՝ Լուսնիկ Աբովյանը գնացել է հարևանի տուն՝ պանիր բերելու, հարևանը նշել է, որ մի քիչ զրուցել են ու Լուսիկ տատը դուրս է եկել իրենց տանից:
Գյուղում ոչ ոք չի կարող ասել, թե ո՞ւր է անհետացել տարեց կինը:
Նշենք, որ տեղեկատվություն է տարածվել, որ Կոթիի 73-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
Տարեց կնոջը ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:
Նշվում է, որ նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերի համաձայն ու համապատասխան պրոցեդուրաներից հետո կնոջը կհանձնեն հայկական կողմին:
«Մենք չենք ուզում հավատալ, որ Լուսիկ տատը կարող էր սահմանը անցնել, թեկուզ սխալմամբ, մի բան էն չի, բայց ի՞նչ դեռ հնարավոր չէ ասել»,- ընդգծեց մեր զրուցակիցը: