Նախագահը մասնակցեց Հայաստանի մարզիկների պարգեւատրմանը/ֆոտո/
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսությանը:
Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում եւ անձնական կյանքում:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաեւ պետական պարգեւների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին եւ մարզիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում, ինչպես նաեւ հաջողություններ ձեռք բերել 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ իրենց վաստակի ու կատարած աշխատանքի համար: