Խիստ նկատողություն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ներում կատարված աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները:
Նիստին ներկան են եղել նաև նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները: Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ/ խիստ նկատողություն/ Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաև զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին՝ ձեռնարկել համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:
Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում՝ կկիրառվեն ավելի խիստ կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը և զեկուցել նախարարին:Նիստի ընթացքում քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը: