Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 46 դեպք՝ 67 տուժածով, 1 մահվան ելքով: Նշենք, որ տուժածներից 15-ը մինչև 14 տարեկան են։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Մահվան դեպքն արձանագրվել է նոյեմբերի 4-ին։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչը հոկտեմբերի 27-ին սննդում օգտագործել է իր իսկ կողմից հավաքված սունկ, որն էլ հանդիսացել է թունավորման և մահվան պատճառ:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է՝
- սննդում չօգտագործել հավաքած սունկ կամ օգտագործելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ
- չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
- սննդում չօգտագործել հում սունկ
- սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
- ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝
- սրտխառնոց
- փսխում
- սուր ցավեր որովայնի շրջանում
- ջերմություն
- ստամոքի և բարակ աղու բորբոքում
- գլխապտույտ
Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: