Էրդողանը զանգահարել է Պուտինին` Ասադի հետ հանդիպման մանրամասներն իմանալու
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկվա կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Էրդողանը զանգահարել է Պուտինին, վերջինիս` Ասադի հետ ունեցած հանդիպման մանրամասներն իմանալու համար, գրում է Ermenihaber.am-ը:
Էրդողանը Պուտինին փոխանցել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ Հալեպի և շրջակայքի վրա իրականացվող հարձակումները կարող են փախստականների նոր ալիքի պատճառ դառնալ։
Ըստ աղբյուրի` կողմերը համաձայնության են եկել գալիք ամիս անցկացվելիք G-20 խորհրդաժողովի ընթացքում հանդիպելու:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հոկտեմբերի 20-ի երեկոյան Մոսկվայում երկարատև բանակցություններ են վարել. այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վերջինս տեղեկացրել է, որ սիրիացի առաջնորդի և ՌԴ նախագահի բանակցությունները տևել են բավական երկար՝ նեղ և ընդլայնված կազմով. Պուտինին հանգամանալից ներկայացվել է «Սիրիայում ներկա իրադրությունը, հեռանկարային պլանները»: