Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Փերինչեքի գործով Եվրադատարանի վճռի վերաբերյալ
Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գերագույն պալատի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած դատավճռի մասին հայտարարություն է արել, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նախ նշվում է, որ դատավճռով արձանագրվել է, որ խախտվել է ցեղասպանությունը ժխտած Դողու Փերինչեքի խոսքի ազատությունը:
«Որոշումը դիտարկում ենք որպես խիստ զգուշացում ցեղասպանության մասին «պնդումները» միակ ճշմարտություն ընդունելու և այդ «պնդումները» կասկածի տակ դնելն արգելող նախաձեռնությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը բնութագրել է որպես կարևոր ձեռքբերում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների և հատկապես Թուրքիայի կողմից ցեղասպանության հարցով վերջին տարիներին տարվող պայքարի տեսանկյունից:
Ըստ թուրքական ԱԳՆ-ի՝ եվրոպական դատարանի որոշումն արձանագրել է «1915-ի դեպքերի» վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտման ազատությունը: «Ինչպես նաև 1915-ին կատարվածը երբեք չի կարելի համեմատել Հոլոքոստի հետ»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս որոշումը նմանատիպ դեպքերի համար կարող է նախադեպային դառնալ:
«Այս որոշումը բեկումնայինէ նաև պատմությունն ու օրենքը քաղաքական նպատակներով չարաշահելու դեպքերին պատասխան տալու տեսանկյունից»,- եզրափակվում է հայտարարությունը: