“Հարսնաքարի” ամբաստանյալներից մեկի կինն ու մայրը վթարի են ենթարկվել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/harsnaqar_1355485871.jpg)
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում “Հարսնաքարի” գործով դատական նիստին միջնորդություն ներկայացրեց մեղադրյալ, ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մելքումյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 1-ին իրար են բախվել Գրիգոր Գրիգորյանի եւ Աշոտ Թովմասյանի ավտոմեքենաները:
Գիտակցության չգալով Գրիգոր Գրիգորյանը մահացել է, իսկ նրա երկու ուղեւորները՝ Աղավնի Ադամյանը եւ Զալինե Հակոբյանը ծայրահեղ վիճակում տեղափոխվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն: Նրանք իր վստահորդի մայրն ու կինն են եղել: Դավիթի մայրը՝ Աղավնին վերակենդանացման բաժանմունքում է, իսկ կնոջը՝ Զալինեին վիրահատել են:
Ըստ “Ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին” օրենքի, կալանավորին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:
Պաշտպանը միջնորդեց Դավիթ Ադամյանին տրամադրել 5 օր ժամկետ՝ մորը եւ կնոջը տեսնելու համար, ինչպես նաեւ դատարանին ներկայացրեց անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Հիշեցնենք, Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: