Բերլուսկոնին պայմաններ է թելադրում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում ինքը պատրաստ է հրաժարվել վարչապետի պաշտոնի ամբիցիաներից եւ աջակցել Մարիո Մոնտիի թեկնածությանն այդ պաշտոնում, հաղորդում է “Reuters”-ը:
Բերլուսկոնին խոստացել է աջակցել Մոնտիին այն դեպքում, եթե վերջինս առաջադրվի աջերի, այլ ոչ թե ձախերի կոալիցիայի կողմից: Ներկա պահին Մոնտին հենց ձախ Դեմոկրատական կուսակցության կողմից մեծ աջակցություն ունի, որն էլ առաջատար է համարվում:
Ամեն դեպքում Բերլուսկոնին դեռեւս վարչապետի թեկնածու է համարվում իր “Ազատության ժողովուրդ” կուսակցության կողմից: Եթե Մոնտին համաձայնի առաջադրվել ձախերի կողմից, ապա Բերլուսկոնին իր կուսացության կողմից կնշանակի Անջելինո Ալֆանոյին:
Հասարակությունն սկսել է քննադատել Բերլուսկոնիին` ենթադրելով, որ նախկին վարչապետը կորցրել է առողջ դատելու ունակությունը, քանի որ մի քանի օր առաջ նա ինքն էր քննադատում Մոնտիի վարած քաղաքականությունը եւ պնդում էր, որ ինքն է պայքարելու վարչապետի պաշտոնի համար:
Մոնտին, ով Իտալիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2011-ի նոյեմբերից, պատրաստվում է հրաժարական տալ, եթե խորհրդարանական կուսակցություններից երաշխիք ստանա, որ նրանք կընդունեն 2013-ի բյուջեն: Այն մասին, թե արդյոք նա կրկին կառաջադրի իր թեկնածությունը, Մոնտին առայժմ չի հայտնել: