30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանում մեկնարկեց միջազգային նյարդավիրաբուժական 9-րդ համագումարը

Հոկտեմբերի 8-ին Երեւանում աշխատանքները սկսեց Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին  մասնակցում են տարբեր երկրների առաջատար մասնագետներ։ Համագումարի մասնակիցները հնարավորություն ունեն կիսվել վերջին տասնամյակի  ընթացքում ձեռք բերված միջազգային փորձով և գիտելիքներով:

«Նյարդավիրաբուժության ոլորտի հիմնական խնդիրները կապված են բժշկական սարքավորումների հետ, սակայն ՀՀ կառավարությունը  դրանք լուծելու նպատակով  քայլ առ քայլ փորձում է առողջապահական ոլորտի ծախսային մասն ավելացնել»,-   լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը:

Համագումարների նպատակն է ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման և բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանը, մասնագետների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաև հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը նպաստում է նաև տվյալ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի մասնագետների ջանքերի համախմբմանը, ամրապնդում է առաջատար մասնագետների և տարբեր երկրների կլինիկաների միջև համագործակցությունը, բարձրացնում գիտական ուսումնասիրությունների նկատմամբ երիտասարդ բժիշկների հետքրքրությունն  ու հնարավորություն տալիս նրանց ծանոթանալ տվյալ ոլորտի նորամուծություններին:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանի խոսքով` միջոցառումը տարիներ շարունակ նպաստում է  տարածաշրջանի նյարդավիրաբույժների միջև համագործակցության  հաստատմանը:

«Այս համագումարը մասշտաբային միջոցառում է, որի աշխատանքում մասնակցում են և՛ Սևծովյան տարածաշրջանի երկրների մասնագետներ, և՛ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից»,- ասաց Ռուբեն Ֆանարջյանը: Միջազգային համագումարը նախատեսում է անցկացնել պլենար նիստեր, որի ընթացքում կներկայացվեն տարբեր երկրների առաջատար մասնագետների զեկույցները:

Համագումարի շրջանակում կկազմակերպվեն ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ուսուցման վերաբերյալ դասընթացներ, կներկայացվեն առանձին կենտրոնների և հեղինակների գիտական ձեռքբերումներն ու գործնական փորձի ամփոփումները:

Նշենք, որ վերջին տասնամյակներում Հայաստանում զարգացում է ապրում նյարդավիրաբուժական գիտությունն ու ծառայությունը: Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 8 նեյրովիրաբուժական կլինիկա և տարեկան իրականացվում է 2500 վիրաբուժություն:

Երիտասարդ մասնագետների որակավորման բարձրացմանը, բարձր տեխնոլոգիական մեթոդիկաների կիրառմանը համընթաց, շարունակվում է միջազգային համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ:

Անգնահատելի է հայկական սփյուռքի ավանդը, որը թույլ է տալիս մեր երկրի նյարդավիրաբուժությանը հանդես գալ միջազգային մակարդակում և տարբեր հարթակներում ներկայացնել սեփական արդյունքները:

Համագումարի շրջանակում նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ