«Խմիր անկուշտ, եղբայրական արյունս խմիր». զգուշացեք
Այս խոսքը Ղուկաս Ավետարանչի 21-րդ գլխի 34 համարից է, ուր Հիսուս հորդորում է իր առաքյալներին և այսօր էլ մեզ․
«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից, գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով․ և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթուն կացեք, այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ․ 21:34)։
Արթուն մնացեք։ Արթուն մնալ, չի նշանակում աչքերը բաց քնել, այլ մեր բարի ու արդար գործերով պատրաստ լինել ամեն րոպե, քանի որ չգիտենք, թե ե՞րբ պիտի գա Աստծու Որդին: Հիսուս բերում է տանտիրոջ օրինակը, որը չգիտի, թե գողը ե՞րբ և ո՞ր ժամին պիտի գա իր տունը կողոպտելու, սակայն պատրաստ պիտի լինի․
«Բայց այն էլ իմացե’ք, եթե տանտերը գիտենար, թե ո՞ր ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն: Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ դուք չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկ. 12:39-40):
Հիսուս ցույց է տալիս մեզ ճշմարիտ ճանապարհը․ «Արթուն մնացեք»։ Այս պատմությունը, որը վերցված է Հունական կյանքից` դրա վառ վկայությունն է.
«Կոստան անունով մի կայսր, իր եղբորն սպանում է և տիրանում գահին: Բայց կյանքում ոչ մի րոպե խաղաղություն չի ունենում: Գիշեր ու ցերեկ եղբոր ուրվականը հալածում է նրան և չարչարում: Ուր որ գնում է, իր սպանած եղբորն է տեսնում, որը մի բաժակ արյուն ձեռքում բռնած երկարում է իր ոճրագործ եղբորն ու ասում. «ԽՄԻ’Ր, ԱՆԿՈՒՇՏ ԽՄԻ’Ր, ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՍ ԽՄԻՐ»:
Աշխարհում էլ տեղ չի մնում, որ կայսրը պտույտի դուրս չգա, որպեսզի խաղաղություն ունենա, սակայն չի կարողանում գտնել իր խղճի հանգստությունը և այսպես չարչարվելով, տանջվելով ու տառապելով` մեռնում է»:
Հավատացեք, այս է բոլոր անխիղճ, ագահ, խարդախ, իրենց «ճարպիկ» կարծող մարդկանց վախճանը: Մարդու խիղճը իր ամենամեծ դատավորն է։
Տաթևի վանքի Վանահայր՝ Հայր Միքայել Վարդապետ Գևորգյանն ասում է․
․․․ Այս ամբողջ տագնապն ու վտանգը մոռացած մարդիկ մեղքեր են գործում և իրապես նրանց համար որոգայթի նման կգա այդ օրը, այսինքն` ով մեղքերի մեջ զեխանում է, վայելքների ու հաճույքի մեջ թավալվում, հանկարծակի կհասնի նրա վրա այդ օրը, երբ նա չի սպասի ․․․
Եվ Քրիստոս Իր զավակներին զգուշացնում է, որ եթե աղոթեն, բարեպաշտ լինեն, ապա նրանց վրա այդ օրը որոգայթի նման չի գալու, այլ նրանք սիրով պետք է սպասեն Տիրոջ գալուստին, որովհետև արդեն իսկ հրաժարված կլինեն աշխարհի ամեն ինչից` աշխարհի հոգսերից, մեղքերից և անօրինություններից:
Ինչպես Պողոս առաքյալն է ասում` «Մարմնից դուրս գալը և Քրիստոսի հետ լինելը ավելի լավ եմ համարում. իսկ մնալ այս մարմնի մեջ` առավել կարևոր է ձեզ համար: Եվ համոզված եմ ու գիտեմ, որ կմնամ ու կապրեմ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատի մեջ…» (Փիլ. 1.23-25): Ճիշտ այդպես մենք պետք է ապրենք. մեզ համար պետք է աշխարհն ու մարմինը մեռած լինեն, պետք է ապրենք միայն Տիրոջով, միայն հոգևոր առաքինություններով։․․․
Աղոթքի մասին այս պատմությունը հետաքրքիր է․
«Հայր Մակարը գնում է վանքերից մեկը, տեսնում է վանահորն ու ասում. «Ինչպե՞ս էք դուք ապրում»: Վանահայրն ասում է. «Մենք միշտ աղոթում ենք, ոչ մի ձեռագործ չենք անում»: Հայր Մակարը հարցնում է. «Ի՞նչ գործ եք անում»: Վանահայրը պատասխանում է. «Մենք ձեռագործ չենք անում, մեր կենցաղավարությունն ավելի բարձր է, մենք միշտ աղոթում ենք»: Տեսնելով, որ հպարտ է խոսում վանահայրը, հայր Մակարը հարցնում է. «Իսկ երբ դուք քնում եք կամ ճաշում եք, ապա ո՞վ է ձեր փոխարեն աղոթում» : Ոչինչ չի կարողանում պատասխանել վանահայրը: Եվ հայր Մակարն ասում է. «Իսկ մենք այդպես չենք անում. մենք օրվա որոշակի մասը, բացի աղոթքից, ձեռագործ ենք անում և ձեռագործի ժամանակ սկսում ենք սաղմոսել.
«Ողորմիր ինձ Աստուած քո մեծ ողորմութեամբ և քո գթառատությամբ ջնջիր իմ հանցանքները» (Սաղմ. 50։3): Եվ հարցնում եմ ձեզ, մի՞թե սա աղոթք չէ, եթե ձեռագործի ժամանակ անդադար աղոթքի մեջ ենք. անպայման աղոթք է:
Եվ ահա, այդ ձեռագործից ստացված գումարի մի մասը մենք բաժանում ենք աղքատներին և երբ քնում ենք, աղքատներն են մեր փոխարեն աղոթում: Եվ մի մասն էլ տալիս ենք եկեղեցուն և երբ ուտում ենք, եկեղեցում են մեզ համար աղոթում: Այսպիսով, դուրս եկավ, որ մենք Քրիստոսի խոսքը կատարում ենք, որ ասում է` «ամեն ժամ աղոթք արեք»: ․․․
Մենք էլ փորձենք անդադար աղոթքի հոգին կրել մեր մեջ, որպեսզի արժանի լինենք Քրիստոսի Երկրորդ Գալուստին Նրա առջև կանգնելու և արդարանալու։ Ամէն
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի քարոզը