Մարտի մեկի զոհերի հարազատները սպասելիքներ ունեն, հույսեր…
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի` դեկտեմբերի 3-ին կշարունակի 2008 թ.-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր հանձնաժողովի ստեղծման մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը:
Մարտի մեկի 10 զոհերի հարազատները, որոնք ներկա էին անցնող շաբաթ տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, հուսով են, որ հանձնաժողովը կստեղծվի եւ իր գործունեությամբ կստիպի իրավապահներին, 5 տարի անց, վերջապես բացահայտել տեղի ունեցածը:
“Ես գտնում եմ, որ մեր բոլոր պատգամավորները պետք է վեր կանգնեն իրենց կուսակցական շահերից եւ պարտադիր այս հանձնաժողովն ստեղծեն: Վերջապես պետք է հարցին լուծում տալ, որը կստիպի նաեւ պատկան մարմիններին վերջապես բացահայտել սպանությունները: Որդիս զոհվել է “Չերյոմուխա 7”-ից”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը`Ալլա Հովհաննիսյանը:
“Մենք մեղավոր չենք , որ 5 տարի է սպանությունները չեն բացահայտվել եւ հինգ տարի հետո նորից պետք է նախագահական ընտրություն գա”,-ասաց Ալլա Հովհաննիսյանը` պատասխանելով այն տեսակետներին, թե նախագահական ընտրություններից առաջ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ենթատեքստ է պարունակում:
Մարտի մեկի զոհերից եւս մեկի` Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը նույնպես հավատում է, որ եթե հանձնաժողովը կազմակերպվի, սպանությունները գուցե բացահատվեն. ”Սպասելիքներ ունենք, հույսեր…”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ներկայացմամբ, նոր հանձնաժողովը չպետք է զբաղվի նոր փաստերի հավաքմամբ: Նոր հանձնաժողովի խնդիրը լինելու է արդեն իսկ տեղի ունեցած դեպքերին եւ հավաքված փաստերին տրված իրավական գնահատականի վերաբերյալ եզրակացություն կազմելը եւ այն խորհրդարանին տրամդրելը: