ԲՀԿ-ն պատրաստվում է բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ առաջադրել. Վ. Բոստանջյան
Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԲՀԿ-ն դեմ չէ մեծամասնական ընտրակարգի գոյությանը:
Բոստանջյանն ասաց, որ 2007-ին, երբ ձեւավորվեց ԲՀԿ-ն, իր ծրագրում ամրագրեց 100 տոկոսանոց համամասնականին անցնելու դրույթը:
“Այսօր ԲՀԿ-ն պատրաստվում է բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգ առաջադրել, իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ մենք դեմ չենք”,-ասաց Բոստանջյանը, նշելով, որ ԲՀԿ-ն “Ժառանգության” եւ ՀՅԴ-ի հետ միասին հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդրանքով դիմել է ԱԺ նախագահին, որովհետեւ հարցն այսօր հանրության կողմից ակտիվորեն քննարկվում է, ուստի, ԲՀԿ-ն եւս կողմ է քննարկումների: Վարդան Բոստանջյանն ասաց, որ ԲՀԿ-ն չի ասում` “համամասնական եւ վերջ”:
“Մենք չենք ասում այդ բանի համար մեզ սիրեք, մենք ուժեղ ենք եւ կարծում եմ` մեզ սիրում են”,-շարունակեց Վարդան Բոստանջյանը ու հավելեց.”Մենք չենք առաջնորդվում նման ինտրիգներով, րոպեական որոշումներով: Այսօր հասարակաության մեջ մեծ հնչեղություն ստացավ համամասնական ընտրակարգը, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահում, ոչ էլ Արամ Սաֆարյանը, ասել, թե դա ճիշտ է կամ սխալ: Դա պետք է քննարկվի հասարակության մեջ”: