Երկգլխանի՞, թե՞ զրոգլխանիներ, գլխաքանա՞կ թե՞ գլուխներ … ԱԺ-ն աշխատում է բուռն մթնոլորտում
Աժ նախագահ Սամվել Նիկոյանը այսօր խորհրդարանում քվերակության դրեց նախորդ օրերին քննարկված մի շարք օրինագծեր:
Օրինագծերի քվեարկությունն անցավ բավականին բուռն: Մինչ քվեարկությունը Լարիսա Ալավերդյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ առաջարկեց հաշվիչ հանձնաժողովին հաշվել դահլիճում ներկա պատագամավորների թիվը: “Դեռ քվորում չկա”, -հայտարարեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի կարծում, թե հաշվիչ հանձնաժողովի խնդիր կա եւ առաջարկեց անցնել քվեարկությաններին: Ի դեպ, նիստի սկզբում գրանցվել էր 72 պատգամվաոր: Քվեարկության դրված բոլորը հարցերը, այդ թվում “Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին” օրինագիծը` անցավ առաջին ընթերցմամբ/64 կողմ 7 ձեռնպա, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ/:
Քվեարկությունների ընթացքում Լարիսա Ալավերդյանը նկատելով կրկնակի քվեարկությունների դեպքեր` վարման կարգի վերաբերյալ դարձյալ ձայն խնդրեց: “Բավականին հետաքրքիր պահ է: Երբ ցանկացած էթիկայի կամ այլ օրինագիծ զերոյացվում է: Ես պնդում եմ` այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ անմեղ առաջարկը հաշվիչ հանձնաժողովի մասին մերժվեց”,-ասաց Լ. Ալավերդյանը եւ շարունակեց. “Պարոն Ղուկասյանը քվեարկում է եւս մեկ հոգու համար: Երբ տիկին Անահիտ Բախշյանը գլուխներն էր հաշվում եւ ոչ գլխաքանակը, վիրավորվում էին. ստացվում է, որ երկու գլխանի մարդիկ էլ կան այս դահլիճում: Եկեք պայմանավորվենք ու չկեղծենք, սա օրհասական պահ չէ:”
Այս հայատարությանը արձագանքեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ խիստ տոնով հայտարարեց. “Խմբակցությունները պետք է կարգապահ լինեն եւ իրենց պտգամավորներին հրավիրեն դահլիճ: Ողջ խմբակցության կողմից մեկ պատգամավոր է մասնակցում եւ քննադատում են մյուսներին”: Նկատենք, որ “ժառանգություն”-ից դահլիճում ներկա էր միայն Լարիսա Ալավերդյանը:
Քվեարկությունների ավարտից հետո Լարիսա Ալավերդյանի հայտարարություններին արձագանքեց պատգամավոր Արեգ Ղուկասյանը. “Ես համարում եմ, որ մեր դահլիճում կան զրո գլխանի մարդիկ, որոնք դահլիճում նստած են ու չեն քվեարկում: Այդ դա է ամենաճիշտ ձեւակերպումը”:
Լարիսա Ալավերդյան-Արեգ Ղուկասյան երկխոսությունը մի քանի րոպե շարունակվեց արդեն անջատված խոսափողների պայմաններում: