22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակն ու երկրապահն այսօր մի բռունցք են. Սեյրան Օհանյան

 

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ԵԿՄ 9-րդ համագումարին.

‘Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ,

Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, եւ այդպիսով բացառվում է դրա վերսկսվելու հավանականությունը:

Պատերազմի հաղթական ավարտից հետո Երկրապահ կամավորականների միության դերը բնավ չնվազեց. այն ոչ միայն մեծապես նպաստում էր բանակաշինության ծանր, բայց անչափ կարեւոր գործին, այլեւ ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական  կյանքին: Երկրապահների ներուժն ամբողջությամբ ի սպաս էր դրված պետականության ստեղծման ու կայացման տեւական, դժվարին խնդրին:

Այսօր երկրապահները՝ լինեն դեռ պատանի, թե՝ արդեն ալեհեր, պաշտպանության նախարարության ու զորամասերի կազմակերպած բոլոր միջոցառումների ոչ թե սպասված հյուրն են, այլ պարտադիր ու պատվավոր մասնակիցները, եւ իրենց ներկայությամբ, գործնական գիտելիքներով, ուսանելի հիշողություններով մեծապես օգնում են անձնակազմի շրջանում ճշմարիտ արժեքների, հայրենասեր ոգու ձեւավորմանը:

Հայրենիքը միշտ հիշում է իր զավակներին, արժանին մատուցում նրանց նվիրումին ու գործած սխրանքներին: Դրա վկայությունը մարտական այն բազմաթիվ պարգեւներն են, որոնք ամեն տարի գտնում են իրենց պարտքը լռելյայն կատարած երկրապահ-կամավորականներին: Միայն ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ձեզնից 20-ն արժանացել են Հայաստան Հանրապետության պետական պարգեւների, իսկ շուրջ 600-ը իմ հրամանով պարգեւատրվել են պաշտպանության նախարարության պատվոգրերով ու գերատեսչական մեդալներով: Այդ գնահատանքը ոչ այնքան ձեզ, որքան այսօրվա ու վաղվա սերունդներին է պետք` տեսնելու եւ հասկանալու համար, որ ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել:

Մեծարգո պարոն Նախագահ,

 Թույլ տվեք զեկուցել, որ պաշտպանության նախարարությունը, լավ գիտակցելով, որ այսօր էլ վիթխարի է Երկրապահների, եւ ընդհանուր առմամբ՝ բոլոր ազատամարտիկների ակտիվ գործունեության դերը պետության պաշտպանունակության ամրապնդման գործում, երկրի հասարակական կյանքում, ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ օժանդակելու երկրապահ կամավորականների բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:

Այսօր ընդգրկուն ծրագրեր են իրականացնում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հասարակության բոլոր շերտերի հետ միասին բանակը հզորացնելու եւ հայրենիքի սահմանների պաշտպանվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Հատկապես մեծ ծավալի աշխատանք է իրականացվում դպրոցներում, ուր մեր օժանդակությամբ կահավորվում են ‘’Ռազմագիտություն’’ առարկայի դասարաններ, նորոգվում մարզադահլիճներ, դպրոցներին հատկացվում է մարզական գույք, պաշտպանության նախարարության հրատարակած ռազմահայրենասիրական բովանդակության գրականություն եւ նկարահանած տեսաֆիլմեր, որոնք ներկայացնում են Արցախյան ազատամարտի տարբեր դրվագներն ու Հայրենիքի նվիրյալների անցած մարտական ուղին:

Միասին լծված այս բոլոր աշխատանքներին եւ մշտական գաղափարակցությամբ` սերտ համագործակցության արդյունքում կարող ենք փաստել, որ բանակը եւ երկրապահն այսօր մի բռունցք են՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում միասին պայքարելու հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ: Չմոռանանք, որ Երկրապահ-ազատամարտիկները մեր ամենակարեւոր եւ հուսալի զորահավաքային ռեսուրսն են եւ կազմում են պրոֆեսիոնալ բանակը համալրողների ամենաորակյալ մասը:

Հունվարի 28-ին բոլորս միասին նշեցինք մեր համաժողովրդական երկունքի ծնունդը՝ բոլորիս հպարտության առարկա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ տոնական օրերին իշխող ոգեւորությունը, սեփական բանակի հանդեպ հպարտությունը եւ միասնականությունը պարզապես անփոխարինելի էին, եւ Զինված ուժերի պատմության 3-րդ տասնամյակում դրանք հնարավոր չէ պահպանել առանց հայրենիքի սիրուց ծնված այնպիսի կառույցի, ինչպիսին Երկրապահ կամավորականների միությունն է: Վստահ եմ, որ այս համագումարը նույնպես անցնելու է նույն գաղափարների ներքո, որովհետեւ Երկրապահն է, որ ժողովրդական իր հավաքական իմաստությամբ այդ պատգամն է բերում բոլորիս, ու բանակն է, որ խռովահույզ այս ժամանակներում առաջինը պիտի կանգնի երկրապահի կողքին եւ օգնի կյանքի կոչելու միասնականության ու հայրենապաշտության գաղափարը: Միայն այսպիսի միասնական աշխատանքով կարող ենք հասնել շոշափելի հաջողությունների եւ մեր համազգային նվիրական երազանքների իրականացմանը’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ