Վարչապետն ասաց` ոմանք նախանձում են իր եւ Տարոն Մարգարյանի հարաբերություններին /վիդեո/
Մաշտոցի պուրակի հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակետները համընկնում են: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ:
“Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում, մշտական կարգավիճակով։ Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը եւ հավելեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով հարցը քննարկվել է Տարոն Մարգարյանի և Հանրային խորհրդի նախագահի հետ եւ “Հին Երեւան” նախագծի կյանքի կոչման հետ հարցը կփակվի:
“Պատրաստվում ենք այդ ամբողջական մոտեցումները՝ հայեցակարգը կառավարության որոշումով վավերացնել, որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ Մաշտոցի պուրակում տաղավարներ չեն լինելու”,-շարունակեց վարչապետը։
Հարցին, թե արդյոք երեկ ճարտարապետների հետ ունեցած հանդիպման ժամանակ վարչապետի հնչեցրած տեսակետը չի հակասում Տարոն Մարգարյանի տեսակետին եւ արդյոք դրանով վարչապետը “չի փչացնում” Տարոն Մարգարյանին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. ”Տարոն Մարգարյանի եւ իմ դիրքորոշումը այդ հարցի շուրջ նույնն են”:
Վարչապետը շարունակեց. “Կան մարդիկ, ովքեր փորձում են ԶԼՄ- ներով արհեստական թեզեր առաջ բերել, թե վարչապետի հարաբերությունները Նիկոյանի հետ վատ են, Տարոն Մարգարյանի հետ վատ են … Կարծում եմ, որ ուղղակի ոմանք նախանձում են, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք”: