Պատգամավորը դժգոհում է հասարակության դժգոհությունից
‘Մեր հասարակությունը պատրաստ է միշտ իր մեղքերը ուրիշի վրա բարդելու, եւ դրա համար , ընտրություններում կլինեն կուսակցություններ, որ կպարտվեն, որից հետո մեղքը կբարդեն մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` մեկնաբանելով մեծամասնական ընտրակարգի շուրջ ծավալվող խոսակցությունները:
Նա նշեց, որ անպայման առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Այն հարցին, թե ինչպես է գնահատում իր ընտրվելու շանսերը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց.’Ընտրողները պիտի ասեն, ես ձայները հաշվողն եմ’:
Ինչ վերաբերում է գործարար-պատգամավոր չարչրկված թեմային, պատգամավորն ասաց, որ մեր հասարակության մեջ մի բան էլ է ընդունված, որ իրենց բոլոր դժվարությունների մեղքը բարդեն ձեռնարկատերերի վրա:
‘Ձեռնարկատերերը մեղավոր են, որ ընտրվել են մեծամասնականով, մեղավոր են, որ ձեռնարկատիրությամբ են զբաղվում, մեղավոր են, որ իրենց որպես աշխատող չեն գրանցում, եւ այլն, եւ այլն’,- դժգոհեց պատգամավորը: