Ձնակույտի մեջ հայտնված հղի կնոջն օգնության հասած փրկարարները կպարգեւատրվեն
Այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած եւ նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչեւ շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգեւատրման արարողությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ էր մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, որոնցից մեկը վատառողջ էր։ Կարճ ժամանակում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 4 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով։Պարզվել է, որ ուղեւորուհի` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն։
Պարգեւատրմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Արագածոտնի մարզպետը։
Միջոցառման ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի ‘ՈւՐԱԼ’ մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։
‘ՈւՐԱԼ-43203’ մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել եւ հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու եւ տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։
Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի եւ սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով եւ տաք ծածկոցներով:
Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից