26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի խառնեք մեզ……Առավոտ

Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը։ Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի “հին” բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից)։ Այդ ռեկորդակիրներին մոտենամ է նաեւ Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87–ից)։

Հիմա դառնանք մեր “եվրասիական ախպերությանը”, որտեղ ապրում են պոտենցիալ “ռեկորդակիրներ”։ Պուտինը Ռուաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները։ Այդ 13 տարում կար ձեւական “ընդմիջում”, երբ իբր նախագահ էր Մեդվեդեւը, բայց դա, իմ կարծիքով, “հաշիվ չի”։

Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաեւը ղազախական գահին է նստել 1990 թվականին։ Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր “սովետմիություն” ստեղծել։ Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով՝ նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է “եվրասիական” ծրագրերով։

Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից։ Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց.՝ չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո, չվերաձեւեց Սահմանադրությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի։ Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը, ինչ ուզում եք ասեք, տարբերվում է “եվրասիական”, իսկ իրականում՝ շատ էլ ասիական ավանդույթներից։ Այդպես էր նաեւ խորհրդային Հայաստանում, հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնեւի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը եւ ինչպիսի արեւելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիեւի շուրթերից։ Այդ մշակույթը մեզ խորթ է, եւ դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից՝ որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս։

Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը՝ ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից։ Առնվազն քննարկելու հարց է։ Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկզբունքային դիրքերից, այն չպիտի խաոնվի իշխանության համար պայքարին։ Ինձ թվում է՝ արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ։ Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ։ Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ:

Արամ Աբրահամյան, Առավոտ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ