Հռոմի պապը մեղադրել է ավստրիացի հոգեւորականներին
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը “ինչ-որ մի եվրոպական երկրի” քահանաներին մեղադրել է անհնազանդության մեջ` կանանց ձեռնադրել թույլատրելու կոչի համար, տեղեկացնում է “ANSA” իտալական գործակալությունը:
Նման կոչով 2011-ին հանդես են եկել ավստրիացի հոգեւորականները` Հելմութ Շուլերի գլխավորությամբ, որոնց հետագայում միացել էին Գերմանիայի, Բելգիայի եւ Իռլանդիայի հոգեւորականները:
Բենեդիկտոս 16-րդը հիշեցրել է, որ դեռեւս Հովհաննես Պողոս 2-րդն է հայտարարել կանանց ձեռնադրելու անհնարինության մասին, քանի որ կաթոլիկ եկեղեցին նման թույլտվություն չունի աստծո կողմից:
Հռոմի պապը կարծիք է հայտնել, որ անհնազանդությամբ գուցե որոշ մարդիկ փորձում են փոխել եկեղեցին` իրենց ցանկությունների եւ գաղափարների համաձայն:
Հելմութ Շուլերն սկսեց “անհնազանդության կոչ անել” 2006-ին: Բացի կանանց ձեռնադրման թույլտվությունից, նա ցանկանում էր նաեւ թույլտվություն ստանալ ապահարզանից հետո կրկին ամուսնացողների պսակադրության եւ ամուրիությունը վերացնելու համար: Ներկա պահին նրան բացահայտորեն աջակցում է 400 հոգեւորականներ` Ավստրիայի կաթոլիկ հոգեւորականների մեկ տասներորդը, իսկ գրեթե երեք քառորդը պարզապես համակրում է նրան: