Բարոնուհի Քերոլայն Քոքսը մերկացրել է ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին
Բարոնուհի Քերոլայն Քոքսը բացահայտել է Ադրբեջանի իրական դրդապատճառները, գրում է “Երկրամասը”: Ելույթ ունենալով Լորդերի պալատում` Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների եւ վերջինիս` Հարավային Կովկասում դերի վերաբերյալ, Լորդերի պալատի անդամը եւ հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահը հայտարարել է. “Ես շուրջ 78 անգամ եղել եմ տարածաշրջանում, բազմաթիվ անգամներ` հենց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ընթացքում: Ցավում եմ, որ իմ ելույթն այս քննարկումներին աջակցություն չի ստանա` Ադրբեջանի հասցեին հնչող քննադատության պատճառով: Սակայն այն հիմնված է առաջին ձեռքից ստացված ապացույցների վրա”:
“1991-ին ես այցելեցի Ղարաբաղ եւ հանդիպեցի ադրեջանցիների հետ, ովքեր բնակվում էին այն տներում, որոնք դրանից քիչ ժամանակ առաջ հայերին էին պատկանում: Վերջիններս տարհանվել էին իրենց տներից ադրբեջանցիների հատուկ գործողության արդյունքում: Այդ գործողության շրջանակներում հայ գյուղացիներին շրջափակել էին ադրբեջանական զորքերը, որոնք սպանել եւ տանջել էին հայերին եւ ստիպել լքել իրենց տները: Հայերն, ովքեր արդեն զոհ էին դարձել Բաքվում եւ Սումգայիթում, կրկին հիմնական զոհերն էին”,-նշում է Քոքսը:
Այնուհետեւ նա հիշում է, թե ինչպես էին ամեն օր ռմբակոծում Ստեփանակերտը, ինչպես էին ադրբեջանցիները ռազմական հանցանքներ գործում Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների հանդեպ: Քոքսը նշել է նաեւ, որ Մարաղայի ջարդերից մի քանի ժամ հետո եղել է այդ գյուղում եւ սեփական աչքերով է տեսել խեղաթյուրված եւ մասնատված դիակները: “Ես եղել եմ նաեւ Խոջալուում եւ կարող եմ վկայել, որ ողբերգական իրադարձությունները հայերի կողմից չեն կազմակերպված եղել, ինչպես դա Ադրբեջանում են ներկայացնում: Անկախ լրագրողները եւ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եւս եկել են այդ եզրակացության, ընդ որում` հրապարակայնորեն”,-հավելել է բարոնուհին:
Վերջում Քերոլայն Քոքսն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների մտահոգիչ իրավիճակին, մասնավորապես` ԶԼՄ-ների ազատությանը: Նա նշել է. “Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում` իր առաջընթացի վերաբերյալ դրական պատկեր ստեղծելու քարոզչության վրա` միաժամանակ փորձելով արգելել մուտքը Ղարաբաղ այն այցելուների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ իրավիճակին: Վերջին այցերից մեկից հետո ադրբեջանական թերթերից մեկում հոդված էր տպագրվել “Կրակեք Քոքսին” վերնագրով: Այն խորհրդականները, ովքեր Հայաստան են այցելում, ադրբեջանական իշխանություններից սպառնալիքներով նամակներ են ստանում, որ իրենց “սեւ ցուցակի” մեջ կներգրավվեն, եթե նրանք Ղարաբաղ այցելեն: Մեծ Բրիտանիայի դեսպանին մինչ օրս թույլ չեն տալիս այցելել Ղարաբաղ, չնայած որ մյուս երկրների դիվանագետներն անում են այդ: Այդ պատճառով էլ Ղարաբաղի հայերի համար դժվար է բարձրաձայնել Ադրբեջանի քաղաքականության մասին”:
Իր ելույթի ավարտին բարոնուհին ափսոսանք է հայտնել, որ ստիպված է նման ելույթով հանդես գալ, սակայն միաժամանակ հայտարարել է, որ արդարության փնտրտուքները կարող են հիմնված լինել միայն պատմական իրականության վրա: