Henaran.am-ին բացառիկ հնարավորություն էր տրվել /վիդեո/
“Էրեբունի” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արսենը այսօր էր ազատվել կալանքից եւ չհասցրեց ստանալ համակարգչային հմտությունների դասընթացի վկայականը: Մի դատապարտյալ էլ` տաս օր առաջ էր դուրս եկել. նա էլ բախտ չունեցավ հանդիսավորությամբ ստանալու անգլերենի լեզվի դասընթացի վկայականը: Սակայն դրանք անպայման կհասնեն հասցեատերերին:
Դատապարտյալներին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նման հնարավորություն էր տվել “Սոցիալական արդարություն” հասարակական կազմակերպությունը: Ծրագիրը նպատակ ունի դատապարտյալներին տրամադրել որոշակի մասնագիտական հմտություններ` պատժաժամկետը կրելուց հետո աշխատանք գտնելուն նպաստելու համար: “Մարդու տեսակն ենք կարեւորում, անազատության մեջ գտնվելով, դա չի նշանակում, որ դուք պիտի զրկվեք կրթվելուց: Իզուր ժամանակ չվատնեք, հավատացեք, պետք է զբաղվել հանրօգուտ աշխատանքով ”,-ասաց ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
Նման ծրագրեր իրականացվել են նաեւ այլ քրեակատարողական հասատություններում: Բացի օտար լեզուների եւ համակարգչային հմտությունների դասընթացներից, նաեւ հաշվապահական կուրսեր են կազմակերպվել:
Ծրագիր իրականացնողները ցանկություն հայտնեցին, որ դատապարտյալներն առաջարկներ անեն, թե ինչ ուսուցողական ծրագրերի կարիք ունեն: Ի դեպ, դատապարտյալներին վկայականները տրվեց քննություն հանձնելուց հետո: “ՙԷրեբունի՚”ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Լյովա Բաղդասարյանը խոստացավ լավ առաջադիմություն ցուցաբերած դատապարտյալներին տալ երկարատեւ եռօրյա տեսակցություն:
Ի դեպ, համակարգչային սենյակի համակարգիչներն հաստատ չեն փոշոտվի: Արդեն հավաստագիր ստացած դատապարտյալները իրենց ընկերներին են փոխանցելու իրենց գիտելիքները:
Քննությանը եւ վկայականների հանձնմանը մասնակցեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
Միջոցառմանը մասնակցելու բացառիկ հնարավորություն էր ստացել նաեւ Henaran.am-ը: Հարգելով դատապարտյալների իրավունքները` նրանց չնկարեցինք: Խոսելու եւ երեւալու ցանկություն հայտնեց միայն Մհերը:
Մանրամասները` տեսանյութում: