Հրադադարի ռեժիմը տագնապ է երկու կողմերի համար. Դավիթ Ջամալյան
“Հրադադարը պասիվ պատերազմ է, եւ հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար էլ ենթադրում է խոցելիություն։ Կանխատեսելի չէ մոտալուտ ապագան, ուստի կա նաեւ տագնապ”,- “Հենարան” մամուլի ակումբում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 18 տարի է, ինչ ստորագրվել է հրադադարի պայմանագիրը, բայց տագնապի կնիքը թե հայ, թե ադրբեջանցի հասարակությունների վրա կա։
Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է հոգեբանական այդ ֆոնն ի շահ իրեն օգտագործել՝ այդ ճանապարհին Հայաստանի դեմ իրականացնելով տեղեկատվական պատերազմ: Սրա հիմնական նպատակը Արցախի ազատագրված գաղափարի դեմ բացասական ֆոն ստեղծելն է։ Ըստ փորձագետի, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն այնպես է անում, որ հայերի սոցիալական եւ այլ դժգոհություններն ուղղորդվեն Արցախի վրա: Այսպիսով, կստացվի այնպես, որ բոլոր դժվարությունների պատճառն Արցախն է, ու եթե այն վերադարձվի Ադրբեջանին, խնդիրները կլուծվեն։
Հետաքրքիր է, բայց այսօր կենցաղային-սոցիալական խնդիրներ ունեցող հասարակությունը այդ քարոզչությանը կարող է հավատալ, եւ Դավիթ Ջամալյանի համոզմամբ, պետք է հանրությունը գիտակցի, որ Արցախը հանձնելով չէ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն: