“Հարսնաքարի” դատավարություն. հարցաքննվում են տուժողները /լրացվում է/
Անցած երեքշաբթի Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց “Հարսնաքար“-ի գործով դատավարությունը, քանի որ ամբաստանյալների պաշտպաններից մեկը` Մարինե Թովմասյանը չէր ներկայացել նիստին: Այսօր շարունակվեց նիստը:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Դատարանում ցուցմունքներ են տալիս տուժողները:
Դատական նիստն սկսվելուց հետո դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ պաշտպան Երեմ Սարգսյանը 20 րոպե առաջ տեղյակ է պահել դատարանի քարտուղարությանը, որ “մի 20 րոպե” կուշանա, քանի որ մարզից է գալիս: Դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, քանի որ նիստը սկսվեց 15 րոպե ուշացումով եւ պաշտպանը դեռ չէր եկել:
Դատական նիստը սկսվեց: Տուժող Սողոմոնյանը պատասխանում է պաշտպանների հարցերին: Ըստ նրա, ինքը ռեստորանի մուտքի մոտ է եղել, երբ սկսվեց վիճաբանությունը: Դատավորը դիտողություն արեց պաշտպաններին հստակ ձեւակերպել հարցրն ու ստանալ պատասխան: Դատախազը նույնպես առարկեց` ասելով, որ կես ժամ փորձում է “խուճուճ ձեւակերպումներով ինչ-որ բան պոկել”: Տուժողը պատմեց, որ մի տաս-տասնհինգ հոգի հարվածում էին, ու ինքը կոնկրետ չի կարող հիշել ամբաստանյալ Արման Խաչատրյանը որեւէ մեկին հարվածել է, թե ոչ: