Ձեր մասնակցությունը ապացույց է, որ Արեւելյան գործընկերության հեռանկարները Եվրահանձնաժողովի ուշադրության կենտրոնում են. Սերժ Սարգսյանը` Բարոզոյին
“Նախորդ տարի ԵԺԿ Մարսելի գագաթաժողովում հայաստանյան երեք կուսակցությունների անդամակցումը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը մեծ նշանակություն ուներ”,-քիչ առաջ ԵԺԿ եւ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
“Մենք կարեւորում ենք ԵԺԿ դերակատարումը եվրոպական ինքնության կոնսոլիդացման եւ Եվրոպական գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում”,- նշեց ՀՀ նախագահը եւ հավելեց, որ այն մեծ հնարավորություն է տալիս միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում Հայաստանի ձայնը լսելի դարձնելու համար:
Սերժ Սարգսյանը շնորհակալությյուն հայտնեց եվրոպական ընտանիքի անդամ դարձած հայաստանյան քաղաքական կուսակցություններին Մարսելում ջերմ ընդունելու համար:
ՀՀ նախագահը կարեւորեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյի մասնակցությունը այս գագաթաժողովին: “Ձեր մասնակցությունը մեծ ապացույց է, որ արեւելյան գործընկերության հեռանկարները հանձնաժողովի ոշժադրության կենտրոնում են”-նշեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, գագաթաժողվին քննարկվեցին Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերը եւ նախանշվեցին անելիքները մինչեւ 2013 թվականի Վիլնյուսյան գագաթաժողովը:
“Մենք ընդունեցինք Երեւանյան հռչակագիրը, որում արտացոլված է մեր ընդհանուր տեսլականը Արեւելյան գործընկերության ապագայի տարածաշրջանային խնդիրների եւ ԵԺԿ դերակատարության շուրջ”,-շարունակեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը ընդգծեց, որ Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է որպես ընդհանուր արժեքների շուրջ համագործակցության ձեւաչափ, այն կարեւորվում է Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումներով եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից:
Նախագահը համոզմունք հայտնեց, որ Արեւելյան գործընկերության առաքելությունը լիարժեք կերպով կիրականացվի այն դեպքում, երբ գործընկերության բոլոր վեց երկրները հավատարիմ կլինեն ժողովրդավարական արժեքներին:
“ Որպես քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների ընտանիքի կուսակցություն ԵԺԿ-ն չի կարող հանդուրժել ժողովրդավարական ազատությունների ոտնահարումը, այլատյացությունը, ռազմատենչ հայտարարությունները, ուժի կիրառման սպառնալիքները: Այս երեւույթները մեր ընդհանուր պատմության ամենանուրբ էջերի հիշողություններն են արթնացնում”,-շեշտեց ՀՀ նախագահը եւ հավելեց.”Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է ՀՀ ապօրինի շրջափակումը”:
Գագաթաժողովին, Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, քննարկվել են նաեւ եվրոպական սպառողական շուկաների հասանելիությանը, քաղաքացիների միջեւ շփումների դյուրինացմանն առնչվող հարցեր: “ՀՀ երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին նոր թափ հաղորդեց ՀՀ-ԵՄ գործընկերությանը”,-իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին:
Հիշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: