Սա թյուրիմացություն է, անհեռանկար քրեական գործ. ռուս իրավաբանը` Օսկանյանի գործից
“Սա թյուրիմացություն է, մասնագիտական առումով անհեռանկար քրեական գործ”,-այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործից, նման կարծիք հայտնեց Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր Սամվել Կոչոյին, ով ՌԴ քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակն է:
Ռուս իրավաբանի խոսքով, քրեական գործում հանցակազմ չկա, անհասկանալի է տուժող կողմը:
“Հանթսմանը Օսկանյանին այնքան է վստահել, որ գումարը փոխանցել է ոչ թե “Սիվիլիթաս”-ի, այլ նրա հաշվեհամարին, որ նա փոխանցի հիմնադրամին: Սկզբունքորեն, Հանթսմանը չի արգելել, որ այդ գումարն օգտագործվի` որպես ավանդ պահվի, դրանից տոկոսներ ստացվեն, բայց միայն մի պայմանով, որ գումարը ծառայի հիմնադրամի շահին”,-նշեց Սամվել Կոչոյին:
Մասնագետը հավելեց, որ ընդհանրապես յուրացման հատկանիշով գործերը, թեեւ մասնավոր մեղադրանք ներկայացնելու բնույթի քրեական գործերին չեն պատկանում եւ պարտադիր չէ, որ տուժողը իրավապահներին բողոք ներկայացնի, բայց այս դեպքում տուժող չկա, որովհետեւ յուրացման քրեկան գործերում պետք է անպայման նյութական վնասի մասին խոսք լինի, իսկ տվյալ դեպքում հիմնադրամին նյութական վնաս չի հասցվել:Սամվել Կոչոյին հույս հայտնեց, որ բոլոր մեղադրանքները կհանվեն եւ քրեական գործի վերջնական արդյունքն արդարացի կլինի:
Լրագրողների դիտարկմանը, թե իրավական հիմքերի բացակայության պայմաններում, ինչ նպատակ կարող էր հետապնդել Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը, արդյոք այն քաղաքական հետապնդում է, Սամվել Կոչոյին ասաց.”Դժվար է ասել քաղաքական ենթատեքստ կա, թե ոչ: Ես կուզեմ, որ այս ասուլիսը դիտարկեք ոչ որպես իրավապահ համակարգի վրա ճնշում, ես քրեական օրենսդրության փորձագետ եմ”: Նա հավելեց, թե ինքը ՌԴ քաղաքացի է եւ շատ է սիրում մեր երկիրը:
Հարցին, արդյոք կարող է պատահական լինել այն, որ իրավապահներն այդ գործարքի մասին ավելի վաղ են իմացել, սական գործը միայն վերջերս է հարուցվել, ռուս իրավաբանը պատասխանեց, թե դժվար է խոսել քաղաքական ենթատեքստի մասին բայց, ժամանակային առումով գործը համընկնում է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:
Ասուլիսի մյուս բանախոսեը` Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ քրեական գործի հարուցումից հետո 800 հազար դոլարը Վարդան Օսկանյանն իր հաշվից հիմնադրամին է փոխանցել հենց փաստաբանի պահանջով: ”Այդ գումարը փրկել ենք մեր իրավապահներից”,-նկատեց փաստաբանը` հավելելով, որ գիտի նրանց պրակտիկան, գումարի վրա անմիջապես արգելանք կդրվեր եւ գումարը կանհետանար անհայտ ուղղությամբ:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը նախաքննական փուլում է, այժմ Օսկանյանի` Հայաստանում ունեցած բանկային հաշիվներն են ստուգվում:
Փաստաբանի խոսքով, այսօր ԱԱԾ-ն ամեն ինչ անում է, որ “նոր բան” գտնի, անգամ ստուգվում են Վարդան Օսկանյանի հաշվեհամարին `2001-2003թթ փոխանցումները, ինչը հարուցել է իր պաշտպանյալի վրդովմունքը, եւ Վարդան Օսկանյանն անգամ ասել է.”Արդեն անհարմար է, ես վաստակ ունեմ այս երկրում”:
Տիգրան Աթանեսյանը ներկայացրեց նաեւ Ռուսաստանի ԳԱԱ դաշնային պետական բյուջետային ինստիտուտի եզրակացությունը, որտեղ եւս նշված է,որ քրեական գործում իրավական հիմքեր չկան: Փաստաբանը հավելեց, որ չեզոք երրորդ կողմի տեսակետները ներկայացնելը եվրոպական պրակտիկայում ընդունված գործելաոճ է: