Պարոն Զուրաբյան, միայն մենք չէ, ժողովուրդն էլ աչքեր ունի
Եթե իշխանությունները չընդունեն ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների փաթեթը, ՀԱԿ-ը փորձելու է Հայաստանում ստեղծել քաղաքական այնպիսի իրավիճակ, որը կպարալիզացնի ընտրակեղծարար գործողությունը: Այս մասին այսօր հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Քաղաքական կոնսուլտացիաները, նրա խոսքով, ուղղված են այդ նոր քաղաքական իրավիճակի ստեղծմանը. “Որ ձեւավորվի մի նոր վիճակ, երբ ժողովուրդը տեսնում է, որ կա քաղաքական ուժերի համախմբվածություն, կա հստակ մարտահրավեր ռեժիմին եւ ժողովուրդը հասկանա, որ եկել է ոտքի կանգնելու պահը, որովհետեւ այլ կերպ, էսպես`տեխնիկակական ընտրություններին մասնակցությամբ, հարցերը չեն լուծվում, ինչպես տեսաք”:
Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, ժողովրդին ոտքի հանելու առումով, հանրահավաքային դադարը որեւէ նշանակություն ունենալ չի կարող. ”Մենք շատ ավելի մեծ պաուզաներ ենք արել, հավատացեք: Անգամ Ղարաբաղյան շարժման ժամանակ` 88-ից մինչեւ 91 թիվը եղել են սրանից ավելի մեծ դադարներ”:
Ճիշտ հաշվարկված դադարները, նրա խոսքով, նաեւ շատ լուրջ էլեմենտ են իրական քաղաքական գործընթացի կառուցման համար, որի լավագույն մասնագետը, ըստ Զուրաբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն է. “Նա ապացուցել է դա 88-91թթ-ին, 2007-ին: Գտեք այլ քաղաքական գործիչ, որը կարողացել է կառուցել այսքան հզոր քաղաքական գործընթացներ ժողովրդի մասնակցությամբ, գտեք եւ ասեք”:
Կհաջողվի՞ լայն զանգվածներին կրկին հրապարակ բերել: ”Իսկ դուք կարծում եք հայ ժողովուրդը հանձնվո ՞ղ ժողովուրդ է, եթե դուք հանձնվել եք, հանձնվեք”,-Henaran.am-ի հարցին արձագանքեց Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցրինք 2011թ. սեպտեմբերի 9-ի ՀԱԿ հանրահավաքին Ազատության հրապարակում հնչած հայտարարությունը, որ եթե 500 հազար քաղաքացի Ազատության հրապարակ դուրս գա, Հայաստանում թավշյա հեղափոխություն կկատարվի: Փաստորեն, չհաջողվե՞ց 500 հազար քաղաքացի դուրս բերել հրապարակ: “Իսկ Դուք աչքեր չունե՞ք, չե՞ք տեսնում”,-մեր հիշեցումն այսպես մեկնաբանեց ՀԱԿ համակարգողը:
Հ. Գ. 88-ի համաժողովրդական շարժման հանգամանքները, պատճառներն ու բովանդակությունը բոլորվին այլ էին, իսկ թե ինչ է մնացել 2007-2008-ի ընդդիմադիր շարժումից այսօր, միայն մենք չէ, որ տեսնում ենք, ժողովուրդն էլ աչքեր ունի: