Դավիթ Հարությունյանը հարցեր կուղղի կառավարությանն ու ՀՔԾ-ին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը առաջարկեց մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկուշաբթի օրը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ մի շարք հարցեր ունի կառավարությանը եւ ՀՔԾ-ին : “Եթե դուք ունեք եւս ձեր հարցերը, դիմեք, ես պատրաստվում եմ մինչեւ օրվա վերջ ներկայացնել հարցերը”,-առաջարկեց Հարությունյանը` հավելելով, որ պատասխաններն ակնկալում է մինչեւ երկուշաբթի ժամը տասը:
Իր առաջարկը Հարությունյանը պայմանավորեց նաեւ այն հանգամանքով, որ նախ հանձնաժողովի երկու անդամները` ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխամնյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկա չեն, թեւե արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ կողմ են հանձնաժողովի ստեղծմանը: Հնաձնաժողովի նիստն ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի: Իսկ մինչ այդ կարճ ելույթներ ունեցան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա մասնավորապես նշեց, որ տուժողի իրավահաջորդների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվել, նրանք ոչ միայն չեն կարողանում արդարադատության հասնել, այլեւ որեւէ աջակցություն ստանալ: Փոստանջյանն ասաց, որ դատական իշխանությունն իր առաքելությունն այս գործերով չի կարողանում իրականացնել եւ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, ըստ նրա, այս պահի դրությամբ միակ միջոցն է, որը հնարավորություն կտա բացահայտել տեղի ունեցածը: