Սերժ Սարգսյանի ելույթը Լիբանանի խորհրդարանոմ
Մեծարգո՛ պարոն Բերրի,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ վերստին գտնվելու բարեկամ Լիբանանում, մի երկրում, որը հայ ժողովրդի մի ստվար հատվածի համար երկրորդ հայրենիքի նշանակություն ունի: Օգտվելով առիթից՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, իմ լավ բարեկամ Նաբիհ Բերրիին` այս հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաեւ հնարավորության համար՝ ձեզ հետ կիսելու հայ-լիբանանյան համագործակցության մեր նպատակադրումները, ինչպես նաեւ միջազգային մի շարք հարցերի շուրջ Հայաստանի տեսակետները:
Հայ-լիբանանյան հարաբերությունները սոսկ գործընկերային չեն, այլ՝ բարեկամական, քանզի Հայաստանը եւ Լիբանանը կապված են դարավոր բարեկամության եւ պատմամշակութային ամուր կապերով: Հայաստանն ու Լիբանանը դեռեւս վաղ ժամանակներից են սկսել իրենց համատեղ ընթացքը պատմության քառուղիներում: Հաճախ են զուգակցվել մեր ժողովուրդների ճանապարհները, պատմությունը, ճակատագիրը, մշակույթը: Պատմությունը փաստել է, ճակատագիրը` կամեցել, իսկ մշակույթը` համադրել այդ ամենը: Արդյունքը` հայ-լիբանանյան ամուր բարեկամությունն է:
Մենք միշտ երախտագիտությամբ ենք հիշելու լիբանանցի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, երբ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված ոճրագործության հետեւանքով ցեղասպանվեց եւ հայրենազրկվեց իր հողի վրա ապրող ու արարող հայ ժողովրդի ստվար հատվածը: Հյուրընկալ, բարյացակամ եւ հանդուրժողական Լիբանանը դարձավ այն հանգրվաններից, որտեղ հայության բեկորները փրկություն եւ ապաստան գտան, ամրացան, ոտքի կանգնեցին՝ ակտիվորեն մասնակցելով եւ ինտեգրվելով Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին, միաժամանակ կարողանալով պահպանել ազգային հարուստ մշակույթն ու արժեքները:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի Լիբանանի խորհրդարանի նախագահ հարգարժան Նաբիհ Բերրիին եւ խորհրդարանի անդամներին շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ եւ ընդունել է այն դատապարտող բանաձեւեր` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայաստանի իշխանություններն անկախության առաջին իսկ օրերից մեծ կարեւորություն են տվել արաբական աշխարհի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Արաբական երկրներում են բացվել մեր առաջին դեսպանությունները: Իհարկե վերոհիշյալ պատճառներով Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի եւ հայերիս համար առանձնահատուկ տեղ ունի: Մենք դիտարկում ենք Լիբանանը` որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի թանկ բարեկամ եւ հուսալի գործընկեր:
Այս տարին նշանավորվում է Հայաստանի եւ Լիբանանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակով: Այցիս ընթացքում առիթներ եմ ունեցել խոսելու մեր քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, մարդկային շփումների բարձր մակարդակի մասին: Այստեղ ցանկանում եմ հատկապես կանգ առնել Հայաստանի եւ Լիբանանի խորհրդարանական կապերի զարգացման վրա, որոնք առաջիններից էին հայ-լիբանանյան նորօրյա հարաբերություններում՝ համաձայնագրով ամրագրված դեռեւս 1993թ-ին: Սրա համար կարծում եմ նաեւ անձամբ Ձե՛զ ենք պարտական, պարոն Բերրի, Ձե՛զ, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մշտապես եղել եք հայ-լիբանանյան համագործակցության եւ եղբայրության առաջին գծում: Այսօր էլ հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցությունը դինամիկ բնույթ ունի:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեր օրերում գրեթե անհնար է միայնակ, առանց ընկերների աջակցության արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Վերջիններիս փոփոխական բնույթն ու աշխարհագրական սփռվածությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ պետությունների միջեւ համագործակցությունը դարձել է ժամանակի հրամայական: Մեզ ուղղորդում է այն համոզմունքը, որ բոլորս ենք պատասխանատու մեր աշխարհում խաղաղության եւ բարօրության հաստատման համար: Քաջ գիտակցելով արդի մարտահրավերների լրջությունն ու վերազգային բնույթը՝ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բարիդրացիության սկզբունքի հիման վրա բոլոր երկրների հետ փոխշահավետ համագործակցության ուղին:
Հարգելի՛ բարեկամներ,
Ցավոք, թե՛ Հարավային Կովկասը եւ թե՛ Մերձավոր Արեւելքը շարունակում են մնալ պայթյունավտանգ՝ լի խորքային հակասություններով ու հակամարտություններով: Հայաստանն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններով. դրանք այսօր առաջնային նշանակություն են ձեռք բերել մեզ համար եւ դարձել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց: Արաբական աշխարհը թեւակոխել է անցումային մի բարդ շրջան, որը հաղթահարելու համար մեծ համբերություն, տոկունություն եւ հավատ է պահանջվում: Ծավալված ժողովրդական հուզումների ալիքը, որ դժբախտաբար անարյուն չի ընթանում, պայմանավորված է մի շարք խորքային գործոններով, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ: Դրանք թե՛ սոցիալ-տնտեսական եւ թե՛ քաղաքական բնույթ ունեն: Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեինք, թերեւս այդ գործընթացների հիմքում ընկած է ազգաբնակչության աճող պահանջների բարելավմանն ուղղված պետական կառույցների բարեփոխման եւ արդիականացման անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում էլ իշխանությունների անպատրաստ լինելը նման բարեփոխումներին: Արդյունքում մի շարք երկրներ հայտնվել են այնպիսի մարտահրավերների առջեւ, ինչպիսիք են կառավարման համակարգի ընտրությունը, սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական, նախագահական ընտրությունների անցկացումը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը եւ այլն: Սակայն թիվ մեկ մարտահրավերը խաղաղության եւ կայունության հաստատումն է, բռնությունների դադարեցումը:
Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայի ժողովրդի ճակատագրով: Շարունակվող զինված ընդհարումներն ու ահաբեկչական գործողությունները պարզապես անընդունելի են: Հնարավոր չէ առանց ցավի հետեւել, թե որքան արյուն է թափվում եւ ինչպես է օր օրի ավերվում այդ երկիրը: Ստեղծված իրավիճակը, համոզված եմ, արդյունք է նաեւ այն բանի, որ որոշ տարածաշրջանային պետություններ չեն խորշում իրենց խնդիրները լուծել սիրիացի ժողովրդի արյան գնով: Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման եւ հենց իրենց` սիրիացիների կողմից ճգնաժամի խաղաղ կարգավորման դիրքերից:
Սիրիայի եղբայրական ժողովրդի հետ ծանր ժամանակներ է ապրում նաեւ բազմահազար սիրիահայությունը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. սա փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Եվ մենք կոչ ենք անում մեր սիրիահայ եղբայրներին` պայքարել իրենց գրկաբաց հյուրընկալած եւ իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձեւավորված, ամուր եւ կենսունակ համայնքներից է, որով մենք իսկապես հպարտանում ենք: Հայաստանը, նաեւ համայն հայությունը աջակցում եւ աջակցելու են Սիրիայի ժողովրդի ցանկությանը՝ գտնել խաղաղություն իրենց տանը եւ պահպանել իրենց օջախները:
Բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը անօտարելի է աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Այսօր շատ ժողովուրդներ պայքարում են այն արժեքների համար, որոնք վաղուց ի վեր արմատացել են Լիբանանում: Ճիշտ է դժվարին է եղել այդ ուղին նաեւ ձեզ համար, սակայն արդյունքում դուք դարձել եք տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկը, իսկ ձեր պետության զարգացման հիմքում առաջին իսկ օրվանից դրվել են քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները, բազմակարծության եւ հավասարության սկզբունքները: Այդ ուղին դժվար է եղել նաեւ այն պատճառով, որ դրան պատրաստ չի եղել Լիբանանի շրջապատը, եւ դրա համար Լիբանանը շատ թանկ գին է վճարել: Սա մի իրողություն է, որին հայերս նույնպես, ցավոք, քաջածանոթ ենք:
Այսօր Լիբանանն իհարկե կրում է տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների ազդեցությունը: Մենք խորապես ցնցված ենք եւ խստորեն դատապարտում ենք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Ցավակցելով զոհերի հարազատներին, մենք հույս ենք հայտնում, որ այդ ողորմելի սադրանքը չի կարողանա խաթարել խաղաղությունը Լիբանանում: Մենք համոզված ենք, որ երկրի քաղաքական վերնախավի հավաքական իմաստնությունն ու ձեռնարկված գործնական քայլերը` ուղղված ազգային երկխոսության ու փոխվստահության մթնոլորտի հաստատմանը, թույլ չեն տա, որ Լիբանանը լուրջ ցնցումների ենթարկվի: Լիովին վստահ եմ, որ Լիբանանի հայ համայնքը, որ ժամանակին ջերմ ընդունելության է արժանացել ձեր կողմից, միշտ ձեր կողքին կլինի: Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պատրաստակամ են ուժերի ներածին չափով զորավիգ լինել Լիբանանին եւ լիբանանահայությանը ձեր առջեւ կանգնած խնդիրների լուծման ճանապարհին:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեր տարածաշրջանին, դժբախտաբար, նույնպես ծանոթ են պատերազմի արհավիրքները, գիտենք, թե ինչ է նշանակում պարտադրված պատերազմ եւ ատելություն սերմանելու համար ստեղծվող պարարտ հող: Բոլորովին վերջերս էր, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ի պատասխան ազգերի ինքնորոշման իր հիմնարար եւ օրինական իրավունքի խաղաղ պահանջի, ստիպված եղավ դիմակայել եւ հաղթահարել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը: Հայրենիքը լքելու կամ ինքնապաշտպանվելու երկընտրանքից Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովուրդն ընտրեց երկրորդ տարբերակը: Եվ բազմաթիվ զրկանքների եւ արյան գնով տեր կանգնեց սեփական հայրենիքում ազատ ապրելու իր իրավունքին:
Այժմ Ադրբեջանը ջանք չի խնայում խնդրի էությունը խեղաթյուրված ներկայացնելու, ամենատարբեր կառույցներում ապատեղեկատվություն տարածելու եւ տարբեր երկրներին թյուրիմացության մեջ գցելու համար: Ադրբեջանը որոշ հարթակներում փորձում է խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն, ինչը չի կարող աղերս ունենալ իրականության հետ: Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները բազմաթիվ իսլամական երկրների հետ վկայում է մեր` տարբեր կրոնների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսության համար բաց լինելու մասին: Ցավալի է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվում է, շահարկելով իսլամական համերաշխության գործոնը, Ղարաբաղյան խնդրի նկատմամբ խեղաթյուրված դիրքորոշումներ ձեւավորել: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեկ անգամ եւս իմ խորին երախտագիտությունը հայտնել ԼՂ հարցում Լիբանանի հավասարակշիռ դիրքորոշման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար: Ձեր հավասարակշիռ մոտեցումը եւս մեկ ներդրում է` հօգուտ մեր տարածաշրջանի կայունության:
Այսօր Ադրբեջանը, չնայած հաստատված զինադադարին, շարունակում է գնդակոծել ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի սահմանները, եւ որին զոհ են գնում անմեղ երիտասարդներ: Ի պատասխան միջազգային հանրության` խնդիրը խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին, շարունակում է իր ռազմատենչ քարոզչությունը եւ սպառազինությունների աննախադեպ կուտակումը: Բերեմ միայն մեկ օրինակ. Ադրբեջանի՝ Իսրայելից գնած սպառազինություններն ըստ տարբեր աղբյուրների գերազանցում են 1,5 մլրդ դոլարը: Բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանն ընդառաջ չի գնում միջնորդների առաջարկներին վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ, ասենք դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցում:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդին մեծ եռանդով ատելություն եւ թշնամանք ներարկել հայերի նկատմամբ: Այլապես, ինչպե՞ս կորակեք Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Այստեղ, այս բարձր ամբիոնից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա որեւէ ժողովուրդ, որին Հայաստանը եւ հայերը թշնամի կանվանեն: Եվ բնական է, որ չկա: Մեր թշնամին այլատյացությունն է, որ այդպես լիուլի հարեւան երկրում ներարկում են իրենց մատաղ սերնդին: Մեր թշնամին ծայրահեղականությունն է եւ անհանդուրժողականությունը, ինչպիսին ոմանց երազներն են՝ աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանն ու Ղարաբաղը, հայաթափել դրանք, ինչպես հայաթափել են Ադրբեջանի կազմում մեկ այլ` Նախիջեւանի ինքնավարությունը:
Այս անհեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ժողովուրդը երբեք պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել: Վերջապես ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, կարծում եմ, Ադրբեջանը չեն պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, ուստի խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի հեռանկարը ոչ թե ընտրություն է, այլ հրամայական:
Հարգելի՛ բարեկամներ,
Արդեն երկար տարիներ Թուրքիան ու Ադրբեջանը ուս ուսի տված շարունակում են Հայաստանը պահել անօրինական շրջափակման մեջ, որը թեեւ վնասել ու խոչընդոտել է մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, սակայն չի կարողացել խաթարել այն: Կարծում եմ ժամանակն է, որ մեր հարեւան պետությունները իրատեսական հայացք գցեն տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, վերագնահատեն իրենց քայլերի արդյունավետությունը: Այդ պարագայում միգուցե մեր բազմաչարչար ժողովուրդների մոտ կարթնանա հաշտ ու խաղաղ ապագայի հույսը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
21 տարի առաջ անկախության վերականգնմամբ բացվեց հայոց պատմության նոր էջը: Հայաստանը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին, որին հավատարիմ է մինչեւ այսօր: Հաղթահարելով բազում օբյեկտիվ եւ արհեստական դժվարություններ, այսօր ունենք ամրացած հայոց պետություն, քաղաքական կայունություն, ամուր բանակ, բաց ու բազմաֆունկցիոնալ տնտեսություն, ուժեղ ֆինանսական համակարգ, կանգուն հասարակական կառույցներ, իրենց իրավունքներին իրազեկված քաղաքացիներ:
Հայաստանի իշխանությունների ամենանվիրական նպատակներից մեկն է, որ գալիք սերունդներին փոխանցենք այնպիսի արժեքներ, որոնք միտված են կայուն, անվտանգ, համերաշխ եւ խաղաղ ապագայի հարատեւմանը: Բայց նման ապագան կերտվում է միայն բարեկամների հետ: Վստահ եմ, որ Հայաստանն ու Լիբանանը դարերի այդ ճանապարհը կանցնեն միասին:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ համբերության համար եւ Լիբանանի Հանրապետությանը մաղթել հարատեւ կայունություն ու բարեկեցություն, իսկ Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ անխախտ խաղաղություն եւ նորանոր ձեռքբերումներ:
Կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը: