ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունն էլ ավելի կխորանա. Իվանիշվիլի
Վրաց-ամերիկյան հարաբերությունները նոր իշխանությունների օրոք ավելի են խորանալու: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի 2-րդ տեղակալ Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո: Վերջինս Վրաստան է ժամանել Վրաստանի եւ ԱՄՆ-ի ստրատեգիական համագործակցության խարտիայի շրջանակներում գործող անվտանգության եւ պաշտպանության աշխատանքային խմբի հանդիպմանը, գրում է “Новости-Грузия” կայքը:
“Հանդիպումը ջերմ եւ ընկերական մթնոլորտում ընթացավ”,-հայտարարել է Իվանիշվիլին:
ԱՄՆ-ը եւ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ը Վրաստանին 3 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել, որից մեկ միլիարդը 2008-ին է տրամադրվել` օգոստոսյան պատերազմի հետեւանքները վերացնելու համար:
Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ը եւ Վրաստանը շուրջ 45 համաձայնություն են ստորագրել առեւտրի, անվտանգության, գյուղատնտեսության առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտներում: ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորմամբ ավելի քան 5 հազար երիտասարդներ են այդ երկրում կրթություն ստացել: Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ առեւտրի շրջանառությունը 2,2 մլրդ դոլարի է հասել:
Ստրատեգիական համագործակցության խարտիան այս 2 երկրների միջեւ ստորագրվել է 2009-ի հունվարին: